
Վերջին ամիսներին արևմտյան առաջնորդների այցելությունները Հայաստան դարձել են սովորական երևույթ․ Euractiv
Անցյալ հինգշաբթի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դարձավ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Վերջին ամիսներին արևմտյան առաջնորդների այցելությունները Հայաստան, որոնք մի ժամանակ հազվադեպ էին, դարձել են սովորական երևույթ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ուղեկցությամբ նա հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելու Հայաստանին տրամադրվող նոր աջակցության մասին. գրում է Euractiv-ը։
Ինչպես նշվում է, հայտարարված փաթեթը կենտրոնացած էր երկու թեմայի շուրջ։ Առաջինը և ամենասուրը վերաբերում էր Հայաստանի արտահանման ոլորտին, որն այժմ պայքարում է Ռուսաստանի՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ կողմից ներմուծման լայնածավալ արգելքի դեմ։
Լրացուցիչ 80 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։
Նախաձեռնությունների երկրորդ ուղին կենտրոնացած է Հայաստանի շարունակական խաղաղության գործընթացի վրա իր հարևան և վաղեմի թշնամի Ադրբեջանի հետ։
Ֆոն դեր Լայենը հայտարարեց լրացուցիչ 20 միլիոն եվրոյի հատկացման մասին։
Երևանում տրամադրությունը զգուշավոր լավատեսական է։ Շատ հայեր կողմ են Արևմուտքի հետ մերձեցմանը, բայց մեծ մասը նախընտրելի է համարում հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որը ներառում է դեռևս երկրի ամենակարևոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կապերի շարունակականությունը։ Սակայն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելը կարող է ավելի դժվարանալ։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքների կիրառումը լայնորեն ընկալվում է որպես քաղաքական միջոց։ Այն սկսվել է քվեարկությունից առաջ և ընդլայնվել է դրա ավարտից հետո։
ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն աջակցվող ևս մեկ ուղի է Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակվող խաղաղության գործընթացը։


