08 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն Իտալիայի վարչապետին անվանել է «լավ մարդ»՝ միևնույն ժամանակ նրան մեղադրելով Իրանի հարցում ԱՄՆ-ին չօգնելու համար

Թրամփն Իտալիայի վարչապետին անվանել է «լավ մարդ»՝ միևնույն ժամանակ նրան մեղադրելով Իրանի հարցում ԱՄՆ-ին չօգնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին «լավ մարդ» է անվանել, սակայն քննադատել է նրան՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ին չաջակցելու համար․ գրում է Reuters գործակալությունը։

Մելոնին նախկինում համարվում էր Թրամփի մերձավոր դաշնակիցներից մեկը, սակայն նրանց հարաբերությունները վերջին շրջանում սրվել են։ Անցյալ ամիս Թրամփն իտալական La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, թե Մելոնին Ֆրանսիայում կայացած G7-ի գագաթնաժողովի ընթացքում «աղաչել» է իրեն միասին լուսանկարվել։ Մելոնին հերքեց պնդումը՝ մեղադրելով Թրամփին պատմությունը հորինելու համար։

Այս տարի ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար, իսկ Հռոմի պապին ուղղված Թրամփի քննադատությունը Մելոնին որակել էր որպես «անընդունելի»։

Այժմ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մելոնիի հետ իր հարաբերությունները «մի փոքր վատացել են», քանի որ նա հրաժարվել է Իրանի հարցում աջակցել ԱՄՆ-ին։

«Նա հրաժարվեց ներգրավվել, և այդ պատճառով մեր հարաբերությունները մի փոքր սրվեցին։ Բայց ես սիրում եմ նրան։ Կարծում եմ՝ նա, իրականում, լավ մարդ է, սակայն կարծում եմ՝ նա սխալ է թույլ տվել», – լրագրողներին ասել է Թրամփը։

Այս տարվա մարտին Իտալիան թույլ չէր տվել, որ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները վայրէջք կատարեն Սիցիլիայում գտնվող Սիգոնելլայի ավիաբազայում՝ նախքան Մերձավոր Արևելք մեկնելը, քանի որ Վաշինգտոնը երկրի իշխանություններից դրա համար նախապես թույլտվություն չէր ստացել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026