09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոնուսներ՝ հիվանդանոց չգնացող ու պետությունից դեղ չստացած քաղաքացիներին

Բոնուսներ՝ հիվանդանոց չգնացող ու պետությունից դեղ չստացած քաղաքացիներին

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում բոնուսային միավորների հաշվարկման, կուտակման և օգտագործման կարգը։

Նախագծի համաձայն՝ բոնուսային միավորներ կստանան ապահովագրված այն անձինք, որոնք տարվա ընթացքում չեն օգտվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հատուցվող բժշկական ծառայություններից՝ բացառությամբ կանխարգելիչ ծառայությունների։ Բոնուսները կկուտակվեն յուրաքանչյուր քաղաքացու առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրին կցված բոնուսային հաշվին։ Մեկ բոնուսային միավորը հավասարեցվում է մեկ դրամի, սակայն այն կանխիկացման ենթակա չէ և կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված նպատակներով։

Բոնուսային միավորները կհաշվարկվեն յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո և կփոխանցվեն քաղաքացու հաշվին հաջորդ տարվա առաջին աշխատանքային օրը։ Դրանք կարտացոլվեն նաև անձի էլեկտրոնային հարթակներում։

Նախագիծը նախատեսում է նաև լրացուցիչ խրախուսման մեխանիզմներ։ Բոնուսների նկատմամբ կկիրառվեն բարձրացնող գործակիցներ, եթե քաղաքացին կամավոր և անհատույց արյան դոնոր է դարձել կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից արձանագրվել են առողջ ապրելակերպի բարելավման ցուցանիշներ։ Այդպիսի ցուցանիշներից են նիհարելը, ծխախոտից ու ալկոհոլից հրաժարվելը, մարմնի քաշը կարգավորելն ու այլ այլ առողջարար փոփոխություններ։ Ընդ որում, եթե տարվա ընթացքում առկա են մի քանի հիմքեր, գործակիցները կհաշվարկվեն առանձին, սակայն վերջնական բոնուսը չի կարող գերազանցել քաղաքացու տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը։

Կուտակված բոնուսային միավորները քաղաքացիները կկարողանան օգտագործել մի շարք նպատակներով։ Դրանց միջոցով հնարավոր կլինի վճարել կամավոր առողջության ապահովագրության փաթեթների համար, կատարել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարները, վճարել այն բժշկական ծառայությունների համար, որոնք չեն փոխհատուցվում համակարգի կողմից, ինչպես նաև մարզասրահների և լողավազանների բաժանորդագրությունների համար։ Բացի այդ, ապահովագրավճարն ինքնուրույն վճարող անձինք հնարավորություն կունենան բոնուսներն օգտագործել նաև իրենց ապահովագրավճարի վճարման նպատակով։

Նախագծով սահմանվում է նաև, որ բոնուսային միավորները չունեն գործողության ժամկետ և կարող են կուտակվել անսահմանափակ ժամանակով։ Միաժամանակ դրանք դրամական միջոց չեն համարվում և չեն կարող փոխարկվել կանխիկ գումարի։

Որոշման նախագիծը նախատեսում է, որ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2029 թվականի հունվարի 1-ից՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ամբողջական ներդրման հետ միասին։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026