
Կիսատաբատներ՝ պաշտոնական դրես-կոդի փոխարեն․ Ճապոնիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով նվազեցնում են օդորակիչների կիրառությունը
Տոկիոյում շոգ ու խոնավ մի օր քաղաքային իշխանության պաշտոնյա Նոբորու Վատանաբեն որոշել է հաղթահարել կաշկանդվածությունը և աշխատանքի է գնացել կիսատաբատով՝ անսովոր ընտրություն մի երկրում, որտեղ հագուստի պաշտոնական գործնական ոճը դեռևս մնում է ընդունված չափանիշ․ գրում է Euronews-ը։
Հատկապես տղամարդկանց համար սահմանված խիստ գործնական դրես-կոդի պահանջների մեղմացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով աճած էներգետիկ ծախսերի պատճառով ճապոնական գրասենյակները փորձում են նվազեցնել օդորակիչների կիրառումը։
Երեքշաբթի, երբ մայրաքաղաքում ջերմաստիճանը բարձրացել էր մինչև մոտ 34°C, Վատանաբեի գրասենյակի առնվազն հինգ համարձակ աշխատակից իրենց կոստյումները փոխարինել էին կիսատաբատներով։
50-ամյա Վատանաբեն ասում է, որ սկզբում «անհարմար էր զգում» գրասենյակում բաց ոտքերով ներկայանալուց։
«Բայց երբ մի անգամ հագնում ես կարճ տաբատ, հասկանում ես՝ որքան հարմարավետ է այն», – նշել է նա։
Շորտ կրելու նախաձեռնությունն այս գարնանը ներկայացրել էր Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն՝ վկայակոչելով «էլեկտրամատակարարման հետ կապված բարդ իրավիճակը»։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ անցյալ տարի՝ 1898 թվականից ի վեր, Ճապոնիայում գրանցվել է ամենաշոգ ամառը։
40°C և ավել ջերմաստիճաններն այնքան հաճախակի են դարձել երկրում, որ գործակալությունն ապրիլին ներկայացրել է նման ծայրահեղ շոգ եղանակային երևույթների պաշտոնական նոր անվանումը՝ «կոկուշոբի» (նշանակում է «դաժան շոգ», «խիստ շոգ»):


