
Նիդեռլանդներում պաշտոնապես հայտարարվել է ջրի դեֆիցիտ
Նիդեռլանդների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում ջրի դեֆիցիտի մասին՝ վերջին շրջանում գրանցված անոմալ շոգի և շարունակվող երաշտի ֆոնին. հաղորդում է RTL հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ երկիր մուտք գործող ջրի ծավալը նվազել է տեղումների պակասի և գետերում, հատկապես Հռենոսում, ջրի մակարդակի անկման պատճառով։ Միաժամանակ ջրի պահանջարկը շարունակում է աճել։ Կառավարությունում կանխատեսում են, որ չոր և շոգ եղանակը կպահպանվի նաև առաջիկա շաբաթներին։
Թագավորության ենթակառուցվածքների և ջրային տնտեսության նախարարությունից, սակայն, վստահեցրել են, որ ձեռնարկվող միջոցառումները չեն ազդի բնակչության խմելու ջրի մատակարարման վրա։
«Խմելու ջուրը հասանելի է և շարունակելու է հասանելի մնալ բնակչության համար»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը։


