21 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ինձ բան թողեցի՞ր, որ պատմեմ»․ Մարմարաշենի 18-րդ տանը նախիջևանյան զրույցներ են գրեթե ամեն օր

«Ինձ բան թողեցի՞ր, որ պատմեմ»․ Մարմարաշենի 18-րդ տանը նախիջևանյան զրույցներ են գրեթե ամեն օր

Ազնաբերդցի Արամի երկու աղջիկներն էլ Նախիջևանից գաղթելուց հետո ապրում են Մարմարաշեն գյուղում։ Տարիներ անց էլ նրանց մտքերն ու հիշողությունները հաճախ վերադառնում են այնտեղ՝ իրենց տուն, իրենց գյուղ, իրենց թողած կյանք։

Ռիմա Գաբրիելյանի ուշքն ու միտքը Նախիջևանի Ազնաբերդ գյուղում գտնվող հայրական տունն է։ Սարի լանջերին փռված գյուղում նրանց ընտանիքը երկու տուն ուներ՝ մեկը հայրական, մյուսը՝ ամուսնու։

45 տարի Ռիման վայելել է Նախիջևանի առավոտները, աշխատել հողի հետ, շփվել համագյուղացիների հետ։

Նախիջևանում ժամանակին 75 հայկական գյուղ կար։ Ժամանակի ընթացքում մարդիկ աստիճանաբար հեռացան, իսկ վերջում՝ նաև Ռիմա և Վալյա քույրերը։

«Կամաց-կամաց քանդեցին, քիչ-քիչ եկանք Հայաստան։ Ամենավերջինը մենք եկանք։ Էն էլ հարձակվեցին գյուղի վրա, ստիպված դուրս եկանք, թե չէ մենք դուրս եկողը չէինք»։

Ազնաբերդում միջնակարգ դպրոց կար, գինու գործարան, աղի հանք և աշխատատեղեր։ Գյուղում նաև հարսանիքների իրենց ավանդույթներն ունեին։ Որքան էլ տղայի տունը հեռու լիներ հարսի տնից, հարսանիքի մասնակիցները դհոլ-զուռնայով և անպայման ոտքով գնում էին հարսի տուն, իսկ հետո նույն ճանապարհով վերադառնում։

Ռիմա և Վալյա քույրերը հաճախ են միասին անցկացրած օրերը հիշում։

-Ամեն ինչ էլ հիշում եմ ծառերը հիշում եմ, վանքերը, տունը, տեղը, ամեն ինչը։

-Գյուղից էլ ի՞նչ թողեցիր պատմելու, Ռիմա՛ ։Ամեն ինչ ասացիր,- տրտնջում է քույրը։

-Իմ կյանքից կպատմեմ։ Իմ ամուսինը շատ է տանջվել, ես՝ չէ։ Ինձ լավ են պահել, սկեսուր չեմ ունեցել։  Հինգ տարի պահել եմ ու գնացել է էն աշխարհ,- պատմում է տիկին Վալյան։

Նա երեք հոգանոց ընտանիքում է ապրում, քույրը՝ տասը հոգանոց։ Երկուսն էլ թոռներ ու ծոռներ ունեն։ Նախիջևանյան սովորությունները, հիշողություններն ու պատմությունները փոխանցվել են հաջորդ սերունդներին այնքան մանրամասն, որ նկարահանման ժամանակ անգամ թոռներն էին հուշում՝ տատիկները ինչ պատմեն։

-Լավաշը ո՞նց ես բերել,- հարցնում է թոռնիկը։

-Էդ փախուստի ընթացքում թխել եմ շատ, չափից դուրս շատ լավաշ։ Այ մարդ, բա ի՞նչ անեմ, մի բան չանե՞մ։ Ափսոս չե՞ն, թխել եմ, ո՞ւր թողնեմ։ Շալերով, սփռոցով կապել եմ, ամբողջը տեղափոխել այստեղ,- պատմում է տիկին Ռիման։

Ընտանեկան լուսանկարների ալբոմը հաճախ է հայտնվում նրանց սեղանին։ Տիկին Վալյան այնտեղ փնտրում է իր երեխաներին, իսկ Ռիման ցույց է տալիս նաև համագյուղացիներին ու հարազատներին։ Այդ ճամփորդությունը դեպի անցյալ երբեմն ընդհատվում է սուրճի բաժակով։ Բոլորը սուրճը դառն են խմում։ Հատկապես այն ժամանակ, երբ խոսում են հեռվում մնացածի մասին։

Գաբրիելյանների ընտանիքն այժմ Մարմարաշեն գյուղի 18-րդ տանն է ապրում։ Երկու հարս, երկու սկեսուր՝ մեկ տանիքի տակ։ Շատերի համար գուցե անհամատեղելի թվա, բայց ընտանիքում վստահեցնում են՝ ապրում են համերաշխ ու սիրով։

Ավագ հարսը՝ փոքր սկեսուր Լիդա Սարգսյանը, սովորել է նախիջևանյան բազմաթիվ ուտեստներ պատրաստել։

«Իրենց ճաշատեսակներից շատ-շատ բաներ է անցել մեզ։ Արիշտա ենք պատրաստում, աշնանը արդեն բոխի ենք թթու դնում։ Իրենց գյուղից շատ-շատ բաներ, որ փոխանցվել է մեզ, մենք անում ենք»,- ասում է Լիդա Սարգսյանը։

Տանը գրեթե բոլորը նույն ճաշակի են։ Լիդան ասում է՝ կերակուր պատրաստելիս շատ չի չարչարվում, բայց տան աշխատավոր ժողովրդին հաճախ է բազմազան ճաշացանկով դիմավորում։

«Մենք ժամը վեցից հետո հավաքվում ենք ընդհանուր սեղանի շուրջ՝ հացի»։

Նախիջևանյան սովորություններից մեկն էլ ավանդական գորգ ունենալն է։ Ամեն տարի, նույնիսկ եթե այն չեն օգտագործում, բակում բացում են ու թոռների հետ լվանում։ Գորգը նրանց փաթաթված հիշողությունն է։ Ամեն ամառ բացվում է ու «թռչում»՝ հիշեցնելով Ազնաբերդի քամոտ ու բերքառատ այգիները, հեռվում մնացած առօրյան։

Իսկ երբ կրկին փաթաթվում է, կարծես իր հետ հավաքում է նաև հիշողությունները, վերքերը և արևի տակ փորձում դրանք սպիացնել։

Անի Աբաղյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026