
ԱՄՆ-ն և Հնդկաստանը քննարկել են ՌԴ-ի և Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրների դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են այն միջոցառումները, որոնք ԱՄՆ-ն կարող է կիրառել Ռուսաստանի և Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրների նկատմամբ։ Միաժամանակ Նյու Դելին վերստին մտահոգություն է հայտնել պատժամիջոցների մասին օրինագծի կապակցությամբ, որը վերջերս վավերացրել է Դոնալ Թրամփը․ գրում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Թրամփը ստորագրել է «Լինդսի Օ. Գրեհեմի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին 2026 թ. օրենքը» (SRIA), որն անվանակոչվել է Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված այս օրինագիծը հիմք է ստեղծել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու համար՝ ի պատասխան 2022 թվականի սկզբին Ուկրաինա ներխուժման։
Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո Պետքարտուղարություն տեղեկացրել է, որ Ռուբիոն և Ջայշանկարը «քննարկել են պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի և Իրանի հետ տնտեսական կապեր ունեցող պետությունների նկատմամբ»։ Ջայշանկարը X սոցիալական ցանցում գրել է, որ «վերահաստատել է Հնդկաստանի շահերն ու մտահոգությունները SRIA-ի վերաբերյալ»։
Հնդկաստանն ավելի վաղ Վաշինգտոնին տեղեկացրել էր, որ ռուսական նավթի գնման համար մաքսատուրքեր սահմանելու նոր միջոցառումները կարող են ազդել երկկողմ հարաբերությունների վրա։
Օրինագիծը պարտավորեցնում է Թրամփին 30 օրվա ընթացքում մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներկրվող այն ապրանքների համար, որոնք գալիս են ռուսական հում նավթի կամ գազի հինգ խոշորագույն ներկրողներից, ինչպես նաև ցանկացած այն երկրից, որը գիտակցաբար նոր գնումներ է կատարել օրենքի ուժի մեջ մտնելուց 30 օր անց կամ հայտնվել է Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնող լավագույն հինգ երկրների շարքում։ Հնդկաստանը ռուսական նավթի խոշորագույն գնորդներից է։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Հնդկաստանը կտրուկ ավելացրել է զեղչված գնով ռուսական հում նավթի գնումները։
Հնդիկ վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանից նավթի գնումները չեն ֆինանսավորում Ուկրաինայի դեմ պատերազմն, այլ օգնում են կայունացնել համաշխարհային մատակարարումները և զսպել ներքին գները։


