16 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել. Անահիտ Ավանեսյան

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել. Անահիտ Ավանեսյան

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով վերջին շրջանում նրանց կողմից կատարվող սպանություններին։

«Երբ հանցագործություն է կատարվում հոգեկան առողջություն ունեցող անձի կողմից, դա որպես առանձին երևույթ շատ ավելի մեծ հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվում, բայց ուզում եմ չմոռանանք, որ հոգեկան առողջության խնդիր չունեցող անձինք ևս, ցավոք սրտի, իրականացնում են հանցագործություններ, և պետք չէ այստեղ միայն շեշտադրումը դնել մարդու ախտորոշման վրա, սա առաջինը։ Երկրորդ հարցը՝ ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շրջանակը մոտ 100․000 է,  մոտ 100․000 մարդ ունի որևէ ախտորոշում։ Ի՞նչ եք պատկերացնում, արդյո՞ք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող մարդուն պիտի միշտ մեկուսացված պահենք»,- նշեց նախարարը։ 

Ըստ նրա՝  երբ անձի մոտ լինում են սրացումներ, երկու ձև կա նրան հոսպիտալացնելու՝  երբ անձն ինքնակամ է որոշում, և դատարանի որոշմամբ։

«Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում՝ առանց դատարանի որոշման»,- հավելեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում խնամքի կենտրոնների պակաս ունենք․ «Եվ սա շատ մեծ խնդիր է, որը մեր առաջիկա Կառավարության 5-ամյա ծրագրում առանձնահատուկ տեղ պիտի զբաղեցնի։ Մենք պետք է տարբերակենք անձի բուժօգնությունը նրան խնամք տրամադրելու ծառայություններից։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք գալիս են մեզ մոտ, 21-օրյա է մեր բուժման ընթացքը։ 21 օր հետո մենք չունենք համապատասխան ենթակառուցվածքներ, ինստիտուտներ, որ կարողանանք ուղարկել հետագա խնամքը կազմակերպելու, վերականգնվելու, դեղերը պատշաճ ընդունելու և այլն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարել էին 29-ամյա Էրիկ Կակոյանին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել էին դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է, տեղափոխվել հոգեբուժարան։

ՆԳՆ փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։

Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Էրիկը նոր էր նշանվել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ