
Իրանն ուրանի հարստացման հազարավոր ցենտրիֆուգներ է տեղափոխել Պիկաքս լեռան տակ գտնվող նոր ստորգետնյա համալիրի թունելներ․ The Wall Street Journal
Իսրայելական հետախուզությունը կարծում է, որ Իրանն անցյալ աշնանն իր ուրանի հարստացման հազարավոր ցենտրիֆուգներ է տեղափոխել Պիկաքս լեռան տակ գտնվող նոր ստորգետնյա համալիրի թունելներ։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
Թերթը նշում է, որ այս տեղեկությունը մեծացնում է Իսրայելի և ԱՄՆ-ի մտահոգությունները, որ Թեհրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը նոր վայրում։
Ըստ աղբյուրների՝ Իսրայելն այս հետախուզական տեղեկատվությունը փոխանցել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ ցենտրիֆուգները տեղափոխվել են Պիկաքս լեռան օբյեկտ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Պիկաքս լեռանն Իրանում՝ ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրման ֆոնին։
Այս լեռը գտնվում է Իրանի կենտրոնում՝ Նաթանզի ուրանի հարստացման գործարանից 1.5 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն վնասվել էր 2025 թվականի ամռանն ԱՄՆ-իսրայելական հարվածների հետևանքով։ Պիկաքս լեռան տակ գտնվող օբյեկտը, որի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, չի տուժել ռմբակոծությունից։Այս համալիրը, որը հայտնի է որպես Քոլանգ լեռ, գտնվում է 100-150 մետր խորության վրա։
Հուլիսի սկզբին Վաշինգտոնում գտնվող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը (ISIS) արբանյակային նոր պատկերների վերլուծության հիման վրա հայտնել է, որ համալիրի տարածքում շինարարական ակտիվություն է նկատվել։
Նրանց կարծիքով՝ Իրանն ակնհայտորեն աշխատում է ուրանի հարստացման պահեստային ստորգետնյա օբյեկտ ստեղծելու ուղղությամբ։


