
Ինչպիսի՞ն էր կյանքը «Տիտանիկի» վրա․ զբոսանավի ուղևորի նամակը նոր մանրամասներ է բացահայտում
«Տիտանիկ»-ի վրա կյանքի մասին հետաքրքրաշարժ մանրամասներ պատմող նամակն աճուրդում կարող է վաճառվել շուրջ 47․000 դոլարով․ գրում է CNN-ը։
Բրիտանական Henry Aldridge and Son աճուրդային տան հրապարակման համաձայն՝ նավի ուղևոր Հենրի Հոջեսի գրած նամակը թվագրվում է 1912 թվականի ապրիլի 10-ով՝ այն օրով, երբ շոգենավն առաջին և վերջին անգամ դուրս եկավ բաց ծով։
Հոջեսը, որը զբաղվում էր երաժշտական գործիքների վաճառքով, մեկնում էր Բոստոն՝ ընկերներին տեսակցելու։ Նամակում նա ընկերոջը՝ Հեկտորին, պատմում է՝ ինչ «հիանալի ժամանակ» է անցկացնում նավի վրա։
«Մինչ այս պահը նավի շարժը գրեթե չի զգացվում․ եղանակը շատ բարենպաստ է», – գրում է նա։
«Վերին տախտակամածին մոտ 200 տղա կա (20 տարեկանից բարձր)․ նրանք շրջում են՝ երգելով, մյուսները սրահներում դոմինո և թղթախաղ են խաղում, ոմանք զբաղված են ընթերցանությամբ, ոմանք գրում են։ Այստեղ ամեն ինչ այլ է՝ ոչ այնպես, ինչպես սովորաբար լինում է ծովում», – հավելում է Հոջեսը, որը զոհվել է նավի խորտակման հետևանքով։
Երբ «Տիտանիկը» Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքից մեկնեց իր առաջին նավարկությանն, այն աշխարհի ամենամեծ ուղևորատար նավն էր և համարվում էր «անխորտակելի»։ Ծով դուրս գալուց ընդամենը չորս օր անց՝ ապրիլի 14-ին, նավարկությունը վերածվեց միջազգային ողբերգության, երբ տեղական ժամանակով ժամը 23:40-ին նավը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում բախվեց այսբերգի։


