22 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջեյ դի Վենսն ընդդեմ Իսրայելի․ Էփշտեյնի գործն ու լոբբիստական պատերազմի նոր փուլը

Ջեյ դի Վենսն ընդդեմ Իսրայելի․ Էփշտեյնի գործն ու լոբբիստական պատերազմի նոր փուլը

Պատերազմ իսրայելական լոբբինգի դե՞մ թե՞ ԱՄՆ-Իսրայել ներքին կոնֆլիկտի հերթական փուլը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրում է Իսրայելին․ Թել Ավիվը խանգարում է ԱՄՆ-Իրան բանակցություններին։

«Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, որպեսզի մարդիկ դեմ արտահայտվեն ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնությանը, քանի որ նրանք ցանկանում են շարունակել ռազմական արշավը»,- հայտարարել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններից հետո ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է իսրայելական լոբբինգի գործունեությունը։ «Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով՝ վերջին ամիսներին Վաշինգտոնում ակտիվացել են Իսրայելի շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ փորձելով ազդել ԱՄՆ արտաքին քաղաքական որոշումների վրա, մասնավորապես՝ Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Սակայն սա նրանց գործունեության ընդամենը մեկ ուղղությունն է։

«Կոնկրետ Ջեյ դի Վենսի դեմ ուղղված լոբբինգ է ընթանում։ Փորձում են չեղյալ հայտարարել ԱՄՆ փոխնախագահի կատարած գործերը՝ տարածաշրջանում, գոնե ստատուս քովոն պահպանելու և չակերտավոր, խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որովհետև դրանից հետո տարածաշրջանում ավելի ծանրանալու է Իսրայելի վիճակը»,- համոզված է Առաքելյանը։

Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն էլ ասել է, որ ԱՄՆ-ում գործող ամենաազդեցիկ պրոիսրայելական լոբբիստական կազմակերպություններից մեկը՝ AIPAC-ը, դեռ 2025 թվականից աշխատում է Իրանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումների ուժեղացմանը միտված նախաձեռնությունների վրա։

«Նպատակն է սանկցիաներ կիրառելը բոլոր կազմակերպությունների, ընկերությունների և պետությունների դեմ, որոնք գործակցում են Իրանի հետ, օրինակ, նավթ են գնում»,- ասել է Մելքոնյանը։

Չնայած ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան մոտ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում, վերջին շրջանում Կոնգրեսի դեմոկրատները նախաձեռնել են այդ օգնության ծավալի կրճատման գործընթաց։ Ըստ Առաքելյանի՝ այն փաստը, որ նախաձեռնությունը զգալի աջակցություն է ստացել հենց դեմոկրատների շրջանում, վկայում է, որ Վաշինգտոնում տարիներ շարունակ գոյություն ունեցած անվերապահ իսրայելամետ կոնսենսուսն այլևս նույն ուժը չունի։ Իսկ Իսրայելն աշխատում է մեկ այլ ուղղությամբ։ Թել Ավիվն ուզում է, որ իրենց հատկացվող բյուջեն, ոչ թե տրամադրվի երկրի բյուջեից, այլ՝ Պենտագոնի և համարվի Պենտագոնի ներքին ծախս։

«Իսրայելն այդպիսով փորձում է զրկել մյուս սենատորներին և կոնգրեսականներին Իսրայելի դեմ նման քայլեր ձեռնարկելու հնարավորությունից»,- վստահ է Հարութ Արթին Առաքելյանը։

Թել Ավիվը շահագրգռված է, որ Կոնգրեսում ավելի շատ օրենսդիրներ աջակցեն իսրայելամետ նախաձեռնություններին, և այդ նպատակով էլ ակտիվորեն աշխատում են լոբբիստական կազմակերպությունները։ Oգոստոսին Միացյալ Նահանգներում տեղի է ունենալու փրայմերիզները՝ Սենատի ընտրությունից առաջ, որին մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ, որոնցից մեկը հայտնի է իր բացահայտ հակաիսրայելական դիրքորոշմամբ, իսկ մյուսը՝ ընդգծված պրոիսրայելական հայացքներով։ Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ այս փուլում ակտիվ դեր են խաղում նաև լոբբիստական կազմակերպությունները, այդ թվում՝ AIPAC-ը և մի շարք այլ կառույցներ։

«ԱՄՆ-ում գործող լոբբինգի օրենսդրության շրջանակում նրանք բաց և թափանցիկ ձևով ֆինանսական աջակցություն են տրամադրում այն թեկնածուներին, որոնց քաղաքական դիրքորոշումները համընկնում են իրենց շահերի հետ։ Նպատակն այն է, որ այդ թեկնածուները հաղթահարեն փրայմերիզների փուլը, ընտրվեն Սենատ և հետագայում աջակցեն այն հարցերին, որոնք կարևոր են Իսրայելի համար»,- ասել է Մելքոնյանը։

Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև տարաձայնությունները նոր երևույթ չեն, սակայն այս անգամ դրանց կենտրոնում հայտնվել է ոչ միայն Իրանի շուրջ քաղաքականությունը, այլև Ամերիկայի ամենամութ քրեական պատմություններից մեկը՝ Ջեֆրի Էփշտեյնի գործը։ Ըստ Վենսի Էփշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ։ Փոխնախագահն առանձնացրել է լուսաբանվող մի տեսություն, ըստ որի ֆինանսիստը եղել է հրեա միլիարդատեր բարերար Լես Վեքսների հարկային խորհրդատուն։

Առաքելյանի խոսքով՝ Վենսի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը փորձում է հստակ սահմանազատել ամերիկյան և իսրայելական շահերը։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում նոր լայնածավալ պատերազմի մեջ, որը կարող է սպառել ԱՄՆ-ի ռազմական և ֆինանսական ռեսուրսները։

«Սա նաև որոշակի ներքաղաքական լարվածություն է ստեղծում դաշնակիցների միջև։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են ամբողջությամբ խզվել նման սցենարը իրատեսական չէ։ Սակայն ստեղծված վիճակը կարող է քաղաքական տարաձայնություններ և բախումներ առաջացնել, որոնց պատճառով, օրինակ, Կոնգրեսը երկկուսակցական աջակցությամբ կարող է ընդունել որոշումներ, որոնք կսահմանափակեն կամ նույնիսկ կդադարեցնեն Իսրայելին տրամադրվող տարեկան ամերիկյան օգնությունը»,- կարծում է «Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավարը։

Թե որքան հեռուն կգնան Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև ի հայտ եկած տարաձայնությունները, դեռ պարզ չէ։ Բայց, ըստ փորձագետների, ակնհայտ է, որ Իրանի հարցն արդեն դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ԱՄՆ ներքաղաքական պայքարի առանցքային թեման՝ բացահայտելով նաև ազդեցության տարբեր կենտրոնների մրցակցությունը։

Գառնի Մութաֆյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026