29 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս բլոգերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հայերի հանդեպ ատելության խոսք տարածելու համար

Ռուս բլոգերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հայերի հանդեպ ատելության խոսք տարածելու համար

Երևանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ․ հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն՝ ի պատասխան «Вот Так» պարբերականի հարցմանը։

Հետապնդումը սկսվել է տեսանյութից, որտեղ նա արտահայտել է իր վրդովմունքը Վարդավառի տոնի կապակցությամբ և հայերին անվանել «առնետանման մարդիկ», ինչը բուռն արձագանք է առաջացրել հայ օգտատերերի և ռուսական սփյուռքի որոշ ներկայացուցիչների շրջանում։

Գործը հարուցվել է «Ինտերնետի միջոցով ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային հայտարարությունների» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։ Մեղադրանքը նախատեսում է 1-4 տարի ազատազրկում։

Քննության ընթացքում բլոգերի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ իր բնակության վայրը չարտոնված լքելու արգելքի տեսքով։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ սա նշանակում է, որ անձը չի կարող լքել իր քաղաքն առանց քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության։ Խախտման դեպքում քննիչները կարող են խնդրել ավելի խիստ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք։

Դատելով բլոգերի գրառումներից՝ Պիրոժկովան ապրում է Հայաստանում առնվազն 2025 թվականի գարնանից: Իր գրառումներում նա քննարկել է կենցաղային կոնֆլիկտներ, այդ թվում՝ տանտիրոջ հետ վեճը, ինչպես նաև նշել է իր երեխայի առողջական խնդիրները:

Հուլիսի 14-ին նա հրապարակել է տեսանյութ, որում կտրուկ քննադատել է Վարդավառի տոնը։

Տեսանյութում նա անքաղաքավարի և ագրեսիվ է անվանել տոնին չմասնակցողների վրա ջուր լցնողներին: Իր «սթորիում»   նա նաև նկարահանել է, թե ինչպես է տոնի մասնակիցներից մեկը ջուր լցնում իր վրա: Դրանից հետո Պիրոժկովան հայ ժողովրդին անվանել է «առնետներ», և բողոքել, որ իր հագուստը փչացել է:

Ընդհանուր առմամբ՝ Պիրոժկովայի տեսանյութը երկու շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 240․000 դիտում և ավելի քան 5000 մեկնաբանություն, իսկ նրա էջի բաժանորդների թիվն աճել է ավելի քան 15 անգամ՝ գերազանցելով 31․000-ը։ Տեսանյութը ձայնագրելուց երկու օր անց նա ներողություն է խնդրել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026