
Բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ են ընտրել Արթուր Նազարյանին․ այս մասին տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։
Ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։
Օրակարգի առաջին հարցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։ Պատվիրակները լսել են նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ Այնուհետև նա պատասխանել է պատվիրակների հարցերին, որից հետո անցկացվել է բաց քվեարկություն։
Քվեարկության արդյունքում Արթուր Նազարյանը միաձայն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։
Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։


