
10 օր հոսպիտալում գտնվող զինվորի մարմնին դժվար կլիներ ծեծի հետքեր արձանագրել․ իրավապաշտպան
Շատ կարևորում եմ ՄԻՊ-ի այցը Կանազի հոսպիտալում գտնվող զինծառայող Ա․Հ-ին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ, ինչը վկայում է զինվորի հոգեկան առողջության խնդիրների առկայության և անհրաժեշտ բուժզննության անհրաժեշտության մասին․ սոցցանցի իր էջում գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մեծ հույս ունեմ, որ զինծառայողը համապատասխան բուժում կստանա կամ բժշկական հետազոտությունների արդյունքում նա կզորացրվի։ Ինչ վերաբերում է բռնության, ծեծի հետքերին, ապա շուրջ 10 օր հոսպիտալում գտնվող զինծառայողի մարմնի վրա այդպիսի հետքերի արձանագրումը դժվար կլիներ։ Ժամանակը մաքրում է բոլոր հետքերը։ Հարգելի լրագրողներ, միշտ հիշեք ժամանակագրության մասին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ իրավապաշտպանն օրեր առաջ էր ահազանգել զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի դաժան ծեծի մասին։


