
5 գիշերում նկարահանված ֆիլմ, մեկ դերասան ու կյանքը փոխող մեկ զանգ. «Սև կարապների գիշերն» օգոստոսի 20-ից կցուցադրվի կինոթատրոններում
Օգոստոսի 20-ին հայկական կինոթատրոններում կցուցադրվի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Գևորգ Մխիթարյանի «Սև կարապների գիշեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Էկզիստենցիալ թրիլերի ժանրում նկարահանված ֆիլմը պատմում է մեկ գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կարող են ամբողջությամբ փոխել գլխավոր հերոսի կյանքը։
Ֆիլմի հիմքում կիբեռանվտանգության ոլորտի առաջատար մասնագետի պատմությունն է։ Նա գիշերային գրասենյակում մենակ է մնում, երբ իր ստեղծած համակարգը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Սկզբում սովորական տեխնիկական խափանում թվացող իրավիճակը մեկ հեռախոսազանգից հետո վերածվում է հոգեբանական խաղի, որտեղ վտանգված են ոչ միայն հերոսի կարիերան, այլև ընտանիքն ու սեփական կյանքը։
Ժամանակը սահմանափակ է, իսկ սխալվելու հնարավորություն գրեթե չկա։ Գլխավոր հերոսի առջև կանգնած է ընտրություն՝ հանձնվել ստեղծված իրավիճակի՞ն, թե՞ փորձել վերահսկողության տակ առնել այն։
«Սև կարապների գիշերվա» գլխավոր առանձնահատկություններից մեկը դրա անսովոր դրամատուրգիական ձևաչափն է։ Ֆիլմը լիամետրաժ մոնոֆիլմ է․ ամբողջ էկրանային ժամանակը պատկանում է մեկ դերասանի՝ Վարուժան Մարգարյանին։ Մյուս կերպարները հանդիսատեսի հետ «ներկա» են հեռախոսազանգերի միջոցով՝ աստիճանաբար բացահայտելով պատմության մանրամասներն ու գլխավոր հերոսի կերպարը։
Այս կառուցվածքը դերասանի համար դարձել է առանձնահատուկ բարդություն․ ամբողջ ֆիլմի ընթացքում հենց նրա խաղի, ներքին վիճակի և էմոցիոնալ փոփոխությունների վրա է կառուցվում հանդիսատեսի ուշադրությունն ու լարվածությունը։ Ֆիլմում կերպարներն անուններ չունեն։ Ստեղծագործական խմբի խոսքով՝ այդ որոշումը պատահական չէ․ հերոսների դիտավորյալ անանունությունը պատմությունը դարձնում է ավելի ընդհանրական՝ շեշտելով այն գաղափարը, որ նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը։
Ֆիլմի ստեղծման մեկ այլ առանձնահատկությունն էլ նկարահանման կարճ ժամանակահատվածն է․ «Սև կարապների գիշերը» նկարահանվել է ընդամենը հինգ գիշերում։ Ստեղծագործողները գիտակցաբար հրաժարվել են մի շարք սովորական կինեմատոգրաֆիական հնարքներից՝ ֆիլմի հիմնական հենարանը դարձնելով դերասանական խաղը, երկխոսությունները, մթնոլորտն ու պատմության հոգեբանական լարվածությունը։ Ֆիլմի գաղափարը ներշնչված է «սև կարապի» տեսությունից՝ անսպասելի և հազվադեպ իրադարձության գաղափարից, որը կարող է ամբողջությամբ փոխել մարդու կյանքի բնականոն ընթացքը։
«Սև կարապների գիշերն» արժանացել է նաև ռուս հայտնի կինոգետ, կինոյի պատմաբան և կինոքննադատ, արվեստագիտության դոկտոր Վալերի Ֆոմինի գնահատականին։ Ֆոմինը 1973 թվականից ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ է, երկու անգամ ընտրվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար և ղեկավարել Կինոգետների ու կինոքննադատների գիլդիան։ Ֆիլմի երաժշտական ձևավորումը հեղինակել է Նարեկ Հովսեփյանը՝ A. Chilla-ն։
Երաժշտությունը ֆիլմում ոչ միայն ուղեկցում է գործողություններին, այլև դառնում է դրամատուրգիական կարևոր բաղադրիչ՝ ընդգծելով հոգեբանական լարվածությունն ու մթնոլորտը։


