21 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնվել ու մարդկանց աչքերին լույս է գցել․ Վայոց ձորի «ուրվականն» այցելել է Ագարակաձոր

Հայտնվել ու մարդկանց աչքերին լույս է գցել․ Վայոց ձորի «ուրվականն» այցելել է Ագարակաձոր

Վայոց ձորի գյուղերում մարդկանց անհանգստացնող դիմակավորված անհայտ անձը երեկ կրկին հայտնվել է։ Այս անգամ՝ Ագարակաձորում։

Վայոց ձորի բնակիչը, որի ազգականն Ագարակաձորում է ապրում, ABC Media-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ գիշերը գյուղացիները ջուր բերելու են գնացել, երբ գյուղում նկատել են անհայտ անձի։ Նա մարդկանց աչքերին լույս է գցել։ Սկզբում գյուղացիները կարծել են, թե իրենց համագյուղացիներից մեկն է կատակում, ձայն են տվել, սակայն շուտով հասկացել են, որ դիմակավորված անծանոթի հետ գործ ունեն։

Գյուղացիները փորձել են հետևել նրան և բռնել, սակայն անհայտ անձը կարողացել է փախչել։

Վայոց ձորի բնակիչը պատմեց նաև, որ այս դեպքը հերթականն է։ Արդեն մոտ 15-20 օր է՝ տարբեր բնակավայրերի բնակիչներ գիշերային ժամերին նկատում են դիմակավորված անձի, որը վախեցնում է մարդկանց և խաթարում գյուղերի անդորրը։

Ավելի վաղ բնակիչները պատմել էին, որ անհայտ անձը գիշերները մոտենում է տներին, քարեր նետում պատուհաններին, կոտրում դրանք և անհետանում։ Դեպքերի պատճառով գյուղերում մարդիկ սկսել են գիշերային հերթապահություն իրականացնել և ավելի ուշադիր հետևել իրենց շրջակայքին։

Մինչ այժմ պարզ չէ, թե ով է դիմակավորված անձը, և արդյոք տարբեր բնակավայրերում տեղի ունեցած դեպքերի հետևում նույն մարդն է կանգնած։

Մեզ տեղեկություն փոխանցած Վայոց ձորի բնակիչը նաև ուշադրություն է հրավիրում գյուղերի միջև եղած հեռավորությանը։ Նրա խոսքով, օրինակ, Գետափից Ագարակաձոր մոտ 8 կիլոմետր է։ Այդ ճանապարհը հնարավոր է ոտքով անցնել, եթե մարդը ֆիզիկապես պատրաստված է։ Բացի այդ, տարածքում կան դաշտերով անցնող ավելի կարճ ճանապարհներ, որոնք կարող ես անցնել, եթե լավ ծանոթ ես տարածքին։

Իսկ Մալիշկան, որտեղ դիմակավորված անձի հայտնվելու մասին առաջին տեղեկություններն էին տարածվել, Ագարակաձորից զգալիորեն հեռու է։

Միևնույն ժամանակ, Մալիշկայի վարչական ղեկավարն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ վերջին մի քանի օրերին դիմակավորված անձը գյուղում չի հայտնվել։

Այսպիսով՝ առեղծվածային պատմությունը դեռևս շարունակվում է։ Վայոց ձորի բնակիչները փորձում են հասկանալ՝ ո՞վ է գիշերները հայտնվող դիմակավորված մարդը, որտեղի՞ց է նա գալիս և ինչպե՞ս է կարողանում տարբեր բնակավայրերում հայտնվելուց հետո աննկատ հեռանալ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ