
Կյանքումս առաջին անգամ ցանկանում եմ, որ որևէ տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեն․ Բիլ Գեյթսը՝ թռիչքաձև զարգացող AI-ի մասին
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը երկար ժամանակ լավատեսորեն էր վերաբերվում արհեստական բանականության (AI) հնարավորություններին՝ հավատալով, որ դրա շնորհիվ աշխարհն ավելի լավը կդառնա։ Նա կարծում էր, որ այս նոր տեխնոլոգիան մարդկանց կազատի ավելորդ աշխատանքից և կարագացնի այնպիսի նորարարական լուծումների մշակումը, որոնք կօգնեն պայքարել հիվանդությունների ու կլիմայի փոփոխության դեմ։
Ամերիկացի միլիարդատերը, սակայն, կարծես մտափոխվել է։ Առցանց հրապարակված էսսեում նա մտահոգություն է հայտնում, որ արհեստական բանականությունը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ բերել․ գրում է The Washington Post-ը։
Հարցազրույցում Գեյթսն ասել է, որ այժմ ինքը վախենում է արհեստական բանականության հետ կապված հնարավոր բացասական հետևանքներից, որոնք հնարավոր է՝ առաջանան անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում։
Գեյթսի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրեն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել տեխնոլոգիայի՝ աշխատանքային առաջադրանքներ կատարելու և հաքերային հարձակումներ իրականացնելու աճող կարողությունը։ Ամենից շատ նրան մտահոգում է արհեստական բանականության նկատմամբ վերահսկողության և դրա բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ առաջընթացի բացակայությունը։
Նա նշում է, որ կյանքում առաջին անգամ ցանկանում է, որ որևէ տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեն։
«Ինձ համար զարմանալի է, որ ես նման բան եմ ցանկանում», – ասել է Microsoft-ի համահիմնադիրը։
Իր էսսեում Գեյթսը ներկայացնում է արհեստական բանականության ռիսկերին արձագանքելու մի շարք առաջարկներ, այդ թվում՝ որոշ աշխատանքներ բացառապես մարդկանց համար պահպանելու գաղափարը։
Reuters-ի հաղորդմամբ՝ Գեյթսը մտադիր է այս տարվա վերջին հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ արհեստական բանականության հետ կապված աճող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ գլոբալ նախաձեռնություններ առաջարկելու նպատակով։
Նա կարծում է՝ հնարավոր է՝ Չինաստանը համաձայնի սահմանափակել արհեստական բանականության՝ պոտենցիալ վտանգ ներկայացնող մոդելների թողարկումը, եթե ԱՄՆ-ն այդ հարցում առաջին քայլն անի։
Գեյթսը նաև առաջարկում է երկրներին վերահսկել արհեստական բանականության՝ մոլեկուլներ ստեղծելու և կենսաբանական հարձակումներ իրականացնելու կարողությունները՝ քայլ, որը չի խոչընդոտի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։


