
Օվերչուկը չի հավատում Հայաստանի՝ այլ շուկաներ դուրս գալու հաջողությանը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ արտահանման այլ շուկաներ վերակողմնորոշելու հաջողությունը։
«Ըստ ամենայնի՝ ոչ։ Իհարկե, նրանց որոշակի, ոչ մեծ աջակցություն ցուցաբերվել է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն մեծ և սովորական շուկայի հետ, որ Ռուսաստանի շուկան է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին»,- ասել է Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է պաշտպանել ռուսական շուկան, և Մոսկվան հայ գործընկերներին առաջարկում է աշխատել այդ ուղղությամբ։
Ռուսաստանը մայիսից սկսել էր փուլային սահմանափակումներ կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, գյուղմթերքը, ձկնամթերքը, ծաղիկները, իսկ հուլիսից՝ նաև կաթնամթերքը։ Հունիսի 12-ից Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից բուսասանիտարական վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը։
Օվերչուկի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին և փորձում է ընդլայնել ապրանքների իրացման ուղղությունները։


