
Երևանի Հին թաղի կամ Շահարի պատմությունը
Հին Երևանի ամենահին և ամենահայտնի թաղամասերից է եղել Հին թաղը, որը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական հատվածը: Հին թաղն անվանել են նաև Շահար, որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է քաղաք:
Հին Երևանի այս թաղամասը զբաղեցնում էր ներկայիս Մոսկվա կինոթատրոնի տարածքը և դրա շրջակայքը, որը ժամանակակից Երևանի վարչատարածքային բաժանմամբ համընկնում է քաղաքի կենտրոնի հետ: Հին թաղի տարածքում էին ներկայիս Աբովյան և Թումանյան փողոցները, ինչպես նաև Օպերայի տարածքն ու Սայաթ-Նովա փողոցը: Հին թաղում էին գտնվում Երևանի եկեղեցիների մեծ մասը: Թաղում հիմնականում ապրում էին բնիկ երևանցիները:
Պարսկաստանից Հայաստան գաղթած հայերն անգամ բնակվում էին այլ թաղամասում: Պատմական մի շարք փաստերը վկայում են, որ Երևանի Հին թաղը եղել է քաղաքի ամենամաքուր հատվածը: Ազգությամբ ֆրանսիացի պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը մանրամասներ է հայտնում հատկապես 19-րդ դարի առաջին կեսի Երևանի տների, թաղամասերի մասին: Այդ աշխատությունում խոսվում է ժամանակաշրջանի Երևանի կենցաղի, ինչպես նաև Հին թաղի և ծայրամասային շրջանների տների մասին. «Տների ներքին այդպիսի մաքրության, գեղեցկության, կոկիկության հակապատկեր լինելը նրանց անշուք արտաքինին պետք է մեկնել տնատերերի ցանկությամբ և ձգտումներով՝ ամեն միջոցով թաքցնելու իրենց ունևորությունն իշխանավորների աչքից:
Որքան տունը հեռու լիներ քաղաքի կենտրոնից, որքան որ մենավոր ու առանձնակի լիներ քաղաքի հեռավոր ու խուլ անկյուններից մեկում, այնքան էլ նա ավելի գին կունենար: Այդ նախազգուշությունն անհրաժեշտ է եղել երկու կարևոր պատճառներով: Եթե սարդարը նկատեր, որ իր հպատակ քաղաքացիներից մեկն ավելի ճոխ կյանք է վարում, քան մյուսները, նրա տունը յուր սարք ու կարգով ավելի մաքուր ու կոկիկ է, նրա կինն ավելի շքեղ է հագնվում, հարկահանության ժամանակ նրա վրա ավելի ծանր հարկ կդներ»:
(Շահազիզ Ե., «Հին Երևան», Թիֆլիս, 1931, էջ 151): Հին թաղը ոչ միայն Երևանի պատմական կենտրոնն էր, այլև քաղաքի ինքնության ու ավանդական կենցաղի կարևորագույն օջախներից մեկը։ Նրա մասին պահպանված պատմական վկայություններն ու ժամանակակիցների հիշողությունները հնարավորություն են տալիս պատկերացնելու հին Երևանի առօրյան, բնակիչների կենցաղն ու քաղաքի երբեմնի յուրահատուկ դիմագիծը։


