
Ավարտվել է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը․ ո՞վ է արժանացել «Ոսկե առյուծին»
Վենետիկում ավարտվել է 83-րդ միջազգային կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», ստացել է դանիացի ռեժիսոր Մայա էլ-Թուկիի «Անծանոթ կինը» (Woman Unknown) ֆիլմը։ Ֆիլմը Դանիայի, Շվեդիայի և Լատվիայի համատեղ արտադրություն է։
Մայա էլ-Թուկին դարձել է կինոփառատոնի պատմության ընթացքում «Ոսկե առյուծի» արժանացած ութերորդ կին ռեժիսորը։ Ավելին՝ «Անծանոթ կինը» ֆիլմի գլխավոր դերակատար Մաթիլդե Արսելը նույնպես մրցանակ է ստացել՝ արժանանալով «Վոլպիի գավաթին»՝ լավագույն դերասանուհու համար։
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիայում ապրող կնոջ մասին, որը թաքցնում է գերմանացի զինվորի հետ պատերազմի տարիներին ունեցած հարաբերությունների գաղտնիքը։ Ֆիլմում բարձրացվում են նաև կանանց անտեսանելիության և մարմնի նկատմամբ վերահսկողության թեմաները։
Ժյուրին, որը գլխավորում էր դերասանուհի և ռեժիսոր Մեգի Ջիլենհոլը, «Արծաթե առյուծ»՝ ժյուրիի գլխավոր մրցանակը, շնորհել է հարավկորեացի ռեժիսոր Լի Չան-Դոնգի «Հնարավոր սեր» (Possible Love) ֆիլմին։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Իլյա Խրժանովսկին՝ «DAU» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանի մրցանակը ստացել է Ջոն Մալկովիչը՝ «Wild Horse Nine» ֆիլմում իր դերակատարման համար։
Հատուկ ժյուրիի մրցանակը ստացել է «NAZA» վավերագրական ֆիլմը՝ Յուվալ Աբրահամի և Ռեյչել Շորի հեղինակությամբ։ Լավագույն սցենարի մրցանակը բաժին է հասել Ստեֆան Բրիզեին, Կորալի Ամեդեոյին և Օլիվյե Գորսին՝ «A Good Little Soldier» ֆիլմի համար։
83-րդ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթում ներկայացված էր 21 ֆիլմ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին։


