14 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաց նամակ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին

Բաց նամակ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին

Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղ կատարված վերջին պաշտոնական դիվանագիտական այցերի կապակցությամբ։

Շուշի, Գանձասար, Ստեփանակերտ և այլ տարածքներ շրջագայություններն իրականացվում են մի տարածքում, որտեղ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո բռնի տեղահանվեց շուրջ 150,000 տեղաբնիկ հայ: Մեր խորին մտահոգությունն ակնհայտ է. դիվանագետները չեն կարող իրենց թույլ տալ ծառայել որպես խամաճիկներ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների հետևանքներին միջազգային հավանության կնիք դնելու արհեստական փորձերում: Ձեր ներկայությունն Ադրբեջանին տրամադրում է հենց այն միջազգային «մաքրազերծումը» (օրինականացումը), որը նա փնտրում է:

Ձեր մասնակցությունը պաշտոնապես կազմակերպված շրջագայություններին, ինչպես նաև դրանց հետևող լուսանկարները և հանրային հայտարարությունները, որոնք լիովին անտեսում են Արցախի հայկական ներկայության ամբողջական ոչնչացումը, ստեղծում են նորմալության պատկեր՝ հիմնովին ոչ նորմալ իրավիճակում: Այսօր Լեռնային Ղարաբաղում տները ներկայացվում են առանց իրենց տերերի, իսկ եկեղեցիները՝ առանց իրենց հավատացյալների: Սա նողկալի է, և դիվանագիտական կորպուսի մասնակցությունը՝ դիվանագետների, ովքեր լիովին տեղյակ են Լեռնային Ղարաբաղում  36 ամիս առաջ իրականացված հումանիտար աղետից, միանգամայն անհասկանալի է:

Հավասարապես ապշեցուցիչ և խորապես մտահոգիչ է այն փաստը, որ այս այցելություններին մասնակցող դիվանագետներից ոչ մեկը հրապարակավ չանդրադարձավ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և քաղաքական պատանդների ճակատագրին, ինչպես նաև նրանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարություններին: Այցելելով տեղաբնիկ հայ բնակչությունից դատարկված տարածքներ՝ դիվանագիտական կորպուսի անդամները խոսքեր և ժեստեր գտան խնամքով կազմակերպված շրջագայությունների համար, սակայն շարունակում են  կատարյալ լռություն պահպանել ազատությունից զրկված և արդարադատության ու պատշաճ ընթացակարգի սկզբունքները հիմնովին խախտող գործընթացների ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ:

Նույնքան տագնապալի է տարածաշրջանի պատմական ինքնության շարունակական ջնջումը: Մինչ դիվանագետներին զվարճացնում են խնամքով կազմակերպված ֆարսով, հայկական մշակութային ժառանգության վայրերը համակարգված կերպով քանդվում, պղծվում կամ զրկվում են իրենց ինքնությունից: Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացումը, Շուշիի պատմական հայկական գերեզմանատան պղծումը և Գանձասարի դարավոր հայկական վանքի՝ որպես «աղվանական» ներկայացնելու խիստ վրդովեցուցիչ փաստը չեն կարող աննկատ մնալ, դրանք դիդավորյալ կերպով և գիտակցաբար անտեսվում են: Այս գործողությունները ներկայացնում են հայկական պատմական ներկայությունը ջնջելու միտումնավոր արշավ՝ ի ուղղակի խախտումն Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) սահմանած ժամանակավոր միջոցների:

Դիվանագետները չեն կարող իրենց թույլ տալ դառնալ Ադրբեջանի շահադիտական քաղաքական թատրոնի խաղալիքները:

Դիվանագիտական այցը չպետք է վերածվի թատերաբեմի, որտեղ միջազգային հանրության ներկայությամբ ջնջվում է մի ամբողջ ժողովրդի պատմություն։

Ուստի մենք կոչ ենք անում դիվանագիտական կորպուսի անդամներին՝

  • Մերժել մեղսակցությունը. Հրաժարվել պաշտոնական, պետության կողմից ուղղորդվող այցերին մասնակցելուց, որոնք լեգիտիմացնում են բռնի տեղահանության հետևանքները և նորմալության կեղծ տպավորություն ստեղծում։
  • Մերժել պատմական ռևիզիոնիզմը. Չսատարել, չկրկնել և արժանահավատություն չհաղորդել պաշտոնական այն նարատիվներին, որոնք ժխտում, աղավաղում կամ յուրացնում են եկեղեցիների, հուշարձանների և պատմական վայրերի իրական հայկական ինքնությունը։
  • Պահանջել անկախ հասանելիություն. Պետության կողմից վերահսկվող շրջայցերն ընդունելու փոխարեն՝ պնդել, որպեսզի միջազգային փորձագետների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անկախ դիտորդների համար ապահովվի անխոչընդոտ մուտք դեպի մշակութային և կրոնական կոթողներ։
  • Դատապարտել մշակութային ոչնչացումը. Հրապարակայնորեն բարձրաձայնել մտահոգությունները Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության շարունակական ոչնչացման, ձևափոխման և պղծման վերաբերյալ։
  • Պաշտպանել վերադարձի իրավունքը. Ապահովել, որ տեղահանված հայ բնակչությունը դուրս չմնա իր հայրենիքի վերաբերյալ քննարկումներից։ Աջակցել միջազգային իրավունքին համապատասխան նրանց անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի պայմանների ստեղծմանը։

Դիվանագիտությունը պահանջում է անկախ դատողություն, պատմական պատասխանատվություն և բարոյական քաջություն: Այնինչ, աշխարհը ականատեսն է դիվանագիտական կորպուսի, որը գործում է Ադրբեջանի հետ համատեղ՝ էթնիկ զտումների հետևանքները լեգիտիմացնելու համար: Սա չի կարող նորմալացվել:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կորցրել է իրենց տները. միջազգային դիվանագիտական կորպուսը չի կարող օգնել և աջակցել Ադրբեջանին՝ ոչնչացնելու նրանց պատմությունը, ինքնությունը և ժառանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ