
Ամբողջ աշխարհում թունաքիմիկատների գերազանցումը չի անցնում 1 տոկոսը, Հայաստանում 4700 տոկոսով է ավելի, այս հարցը լուծե՛ք․ Հարություն Մնացականյան
Ամբողջ աշխարհում թունաքիմիկատների գերազանցումը չի անցնում 1%-ը, Հայաստանում 4700%-ով ավելի բարձր է այս ցուցանիշը, 4700%-ով․ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
«Ես չեմ եկել այստեղ գյուղացուն մեղադրելու, գյուղացին մեղավոր չի, նա չի կարող պատկերացնել և հստակ չափորոշիչներ սահմանել, թե ինչպես օգտագործի թունաքիմիկատները։ Նա չի կարող, դրա համար պետք է կոնկրետ վերահսկողություն։ Իմ պահանջն ուղղված է պետական վերահսկողություն իրականացնողին, որն ունի և՛ օրենք, և՛ լաբորատորիա, և՛ բյուջե, և՛ պատասխանատվություն, և պետք է ունենա խիղճ»,– ասաց նա։
Նա առաջարկեց կոնկրետ քայլեր․ առաջին՝ տեսչական մարմինը 14-օրյա ժամկետում պետք է ամբողջությամբ հրապարակի 2024 թվականի մոնիթորինգի արդյունքները՝ ըստ մթերքի, ըստ նյութի, ըստ քանակի և ըստ մարզի, ոչ թե ընդհանուր տոկոսներով, այլ այնպես, որ քաղաքացին կարողանա հասկանալ։
Երկրորդ՝ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովում հրավիրել խորհրդարանական լսումներ տեսչական մարմնի և էկոնոմիկայի ոլորտի գիտնականների և պատգամավորների մասնակցությամբ․ «Պաշտոնյաները պետք է այս պատերի ներսում պատասխանեն՝ ինչու են մեկուկես տարի պահել այն, ինչը պարտավոր էին հրապարակել»։
«Եվ ամենակարևորը, ի վերջո, պետք է պատասխանատվություն, եթե պաշտոնյան, ունենալով տվյալներ, հանրությանը հակառակն է ասել, դա ոչ թե հաղորդակցության թերություն է, այլ հանրային առողջության հանդեպ անպատասխանատվություն, սա ասում եմ մեղմ, իսկ ավելի կոպիտ՝ հանցավոր անպատասխանատվություն։ Չի՛ կարելի, չի՛ կարելի այսպես շարունակել, ես այս հարցով շատ զգայուն եմ, որովհետև քաղցկեղից քույր եմ կորցրել, ես չեմ ուզում որևէ հայ ընտանիք ապրի այն ողբերգությունը, որ ունեցել է իմ ընտանիքը»,– հավելեց պատգամավորը։


