
Ո՞ւմ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա․ «Հետք»
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում նրան հանձնվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Փաշինյանը Մայնի Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպելու է նաեւ տեղի գործարարների հետ (Վիսբադենը գտնվում է Ֆրանկֆուրտի հարեւանությամբ)․ գրում է «Հետք»-ը։
«Առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավի սրահից, որտեղ երևում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը (պատվիրակության կազմը՝ այստեղ): Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է:
Ֆրանկֆուրտում վայրէջք կատարելուց 20 րոպե անց Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնանքով գրել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»:
Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում չի երևում ինքնաթիռի գրանցման համարը, ինչը դրա նույնականացման առաջին ու ամենահեշտ եղանակն է:
Սակայն հայկական ավիացիային հետևողների համար օդանավի տեսքից դժվար չէր կռահել, որ սա իշխանամետ գործարար, 2021-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթն է, որի սեփականատերը, ըստ «Ֆլայուան Արմենիա» ընկերության, ինքն է:
Հիշեցնենք՝ «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը: Այսինքն՝ Է. Սուքիասյանը ավիաընկերության ամենախոշոր սեփականատերն է»,- նշում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


