23 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախահայերն այսօր բախվում են մի շարք խնդիրների, դրանք դեռ մնում են չլուծված․ Լիլիթ Գալստյան

Արցախահայերն այսօր բախվում են մի շարք խնդիրների, դրանք դեռ մնում են չլուծված․ Լիլիթ Գալստյան

Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի իրականացրած հետևողական ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցները՝ Արցախի բնիկ բնակչությունը, ուղիղ 3 տարի առաջ ենթարկվեց ցեղասպանական գործողության, էթնիկ զտման, և 120.000 մեր հայրենակիցներ հարկադրված էին լքել իրենց հազարամյակների բնօրրանը և ապաստան գտնել հայրենիքում․ ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումները» թեմայով ընդլանյված քննարկմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ առաջ բերեց, խնդիրներ, որոնք այս 3 տարիների ընթացքում, բնականաբար, թե՛ ՀՀ կառավարության, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից, բարեսիրական տարբեր կազմակերպությունների կողմից, անհատների կողմից փորձ է արվում տարբեր ծրագրերի միջոցով լուծել»,- ասաց պատգամավորը։

Խնդիրների խումբը, ըստ նրա, մեծ է․ «Այդ ծրագրերի միջոցով փորձ է արվում նվազագույն կարիքները գոնե բավարարել, ապահովել սոցիալական կայունություն, դրանք վերաբերում են թե՛ բնակարանային խնդրին, քաղաքացիությանը, կրթամշակութային խնդիրներին, այսինքն՝ մի մեծ խնդրախումբ է, որն այսօր էլ շարունակում է լինել իբրև մարտահրավեր, դրանք շարունակական արժևորման, գնահատման անհրաժեշտություն ու կարիք ունեն»։

Պատգամավորի խոսքով՝ արցախահայության իրավունքների գնահատումն իրականացվել է ոչ միայն հայկական կազմակերպությունների, այլ նաև միջազգային կազմակերպությունների կողմից՝ Human Rights, Freedom House, Amnesty International․ «Նրանք ևս անցնող 3 տարիների ընթացքում խոսել են արցախահայության իրավունքների մասին, անդրադարձել պետական աջակցության որակի, քանակի, բնակվարձի, ընդհանուր սուբսիդիաների փուլային դադարեցման խնդիրներին, իրավունքների պաշտպանության լայն սպեկտրին»։

«Ես ուզում եմ հավատալ, որ այսօր մեզ կհաջողվի ունենալ շահագրգիռ մի քննարկում, ամենակարևորը՝ անկողմնակալ բարձրացնել խնդիրները, հասկանալ՝ որոնք են բացերը, որպեսզի կարողանանք լուծումներ առաջարկել»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորները լքեցին արցախահայության թեմայով քննարկումը։ Ասացին՝ հնչում են «ինչ-որ պաշտոնյաների անուններ, պաշտոններ, և քննարկումը վերածվել է միջխորհրդարանական հանդիպման»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ