
ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրություններում գրանցված ճնշումները, ձայնագողությունը․ Հարությունյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հրատապ ասուլիսի ընթացքում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը անդրադարձել է ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումներին, ճնշումներին և իշխանության կողմից իրականացված սոցիալական ծրագրերին։
Նրա խոսքով՝ վերանայված գործընթացների ընթացքում արձանագրվել են նաև այնպիսի փաստեր, որոնք հակասում են ընտրական գործընթացի վերաբերյալ նախկին գնահատականներին։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերանայված գործընթացներում ամբողջությամբ հակառակ փաստեր արձանագրվեցին։ Արձանագրվեց, որ տեղի են ունեցել ճնշումներ, տեղի են ունեցել այնպիսի գործողություններ, որոնք, թեև, ըստ մեզ, ևս կարևոր են ու դրական՝ օրինակ՝ թոշակների բարձրացումը, ապահովագրության ներդրումը, բայց հաշվի առնելով դրանց կատարվելը նախընտրական փուլում և, ինչպես Սահմանադրական դատարանը ճիշտ նշեց, սոցիալական կաշառք հանդիսանալը՝ դրանով ամեն կերպ փորձել են հասարակության մոտ ստեղծել բոլոր նախանշանները, որոնք կարող են ապահովել իրենց հաղթանակը»,- ասել է Հարությունյանը։
Նա նշել է, որ անգամ այս դեպքում իշխանությանը չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն։
Հարությունյանը խոսել է նաև զեկույցում ընդդիմադիր երրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողանալու դեպքի արձանագրմանը։
«Հաջորդ կարևոր բանը վերաբերում է ընդդիմադիր երրորդ ուժի մասով շատ բարձրաձայնված ձայնագողությանը, որը արդեն իսկ այս համատեքստում դարձավ կարևոր փաստ։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժը համարվող «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումները, ի վերջո, նման կարևոր կառույցի կողմից գնահատականի արժանացան», -ասել է Հարությունյանը։


