
Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ որ բանի դիմաց է լինում․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին
Շաքիում կինը կարողացավ պաշտպանել իր երեխաներին ու իրեն, այսինքն՝ կարողացավ զինաթափել ադրբեջանցի զինծառայողին, նշանակում է՝ այդքան էլ պատրաստված անձնակազմի հետ գործ չունենք, գործ ունենք Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի համազգեստով ծառայողի հետ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Իմ փորձառությունն ինձ հուշում է, որ ցանկացած վարկած պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել, որպեսզի բացառենք բոլոր այն վտանգավոր մտադրությունները, որ կարող է նաև հակառակորդն ունեցած լինել։ Հիմա տեսեք, հարց տվեց՝ դա միտումնավո՞ր էր, պլանավորվա՞ծ էր, բայց երբ փաստերը համադրում ես, տեսնում ես, որ ոնց որ թե այդպես չէ, բայց կարող է այդպիսի քայլերով մեզ մոլորության մեջ գցեին և հետևից այլ դրսևորումներ լինեին, այսինքն՝ մեր բոլոր պետական կառույցները պետք է այս հարցերի պատասխանը գտնեն։ Ավելին ձեզ ասեմ, բնականաբար, մենք այս տարիների ընթացքում ստեղծել ենք կառույցներ, որոնք պետք է նաև ինֆորմացիա ունենային՝ հակառակորդի տարածքից դեպի մեր տարածք ի՞նչ հնարավոր պլանավորումներ կարող են լինել, որից պետք է մենք զգուշանանք»,- ասաց նա։
ՔՊ պատգամավորի խոսքով՝ սահմանների ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք։
«Այդ հատվածում էլ մենք ունենք ինժեներական կառույցներ՝ Բիչենեկից սկսած, մինչև այն հատվածները, որոնք մեր տեսանելիությունը և անվտանգությունն ապահովում են, բայց դա շատ քիչ է, այդ արանքներում էլ պետք է ծառայության պլանավորված համակարգեր ստեղծենք, որպեսզի մշտապես կարողանանք վերահսկել այն հատվածները, որը միայն ինժեներական կառույցով հնարավոր չէ վերահսկել»,– ասաց նա։
Լրագրողը հիշեցրեց, որ 2023 թվականին դարձյալ 2 ադրբեջանցի զինված մտել էին ՀՀ տարածք և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանել։
«Կիսում եմ ձեր մտահոգությունը, կիսում եմ։ Մտան, կրակեցին, կիսում եմ, բայց 23 թիվն էր, հիմա 26 թիվն է։ 23 թվից հետո մենք բազմաթիվ մեծ ծավալի աշխատանքներ ենք արել։ Այ հիմա պետք է այդ աշխատանքների կատարված լինելու պարագայում նայել, թե ինչպես է հնարավոր, որ նման դեպքեր տեղի ունենան»,–պատասխանեց պատգամավորը։
Հարցին՝ մտահոգություն կա, որ որպես բարի կամքի ժեստ՝ հնարավոր է նրան հանձնեն Ադրբեջանին․ «Քրեական գործ կա հարուցված, և պետք է շարժվել քրեական գործի պահանջներին համապատասխան։ Հիմա եթե պետք է հանձնվի, դա նշանակում է այլ խնդիր, հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ որ բանի դիմաց է լինում, որովհետև ժամանակին, երբ ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նաև Մեղրիի արտակարգ դրության պարետ, եղել է դեպք, որ գերեվարվել են ադրբեջանցի զինվորներ, և նրանք փոխանակվել են Մեղրիի բնակիչների դիակների հետ»։


