
Մակրոնի կառավարման օրոք Ֆրանսիան դարձել է Եվրոպայի ամենաթույլ օղակը․ Bloomberg
Էմանուել Մակրոնի գրեթե 10-ամյա կառավարումը Ֆրանսիան վերածել է Եվրոպայի «ամենաթույլ տնտեսական օղակի»․ գրում է Bloomberg-ը։
Մակրոնը Ֆրանսիայում իշխանության է եկել 2017 թվականին որպես բիզնես-կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ, որը ձգտում էր հանրապետությունում «տնտեսական և քաղաքական հեղափոխություն» իրականացնել։ Սակայն նախագահի քաղաքական շարժումը 2027 թվականին նրա պաշտոնից հեռանալուց հետո «փաստացիորեն կվերանա», իսկ խոստացված «հեղափոխությունն» այդպես էլ չհանգեցրեց Ֆրանսիայի պետական տնտեսական քաղաքականության փոփոխությանը, որտեղ կառավարական ծախսերն ավանդաբար զգալի դեր են խաղացել Արևմուտքի մյուս երկրների համեմատությամբ։
«Քաղաքական սխալ հաշվարկներից և համաշխարհային ցնցումներից 10 տարի անց պետական ծախսերը դարձել են Մակրոնի նախընտրելի լուծումը։ Հանրային դժգոհությունն աճում է, տնտեսական աճը՝ նվազում, պետական պարտքը՝ մեծանում, իսկ ներդրողներն ազատվում են ֆրանսիական ակտիվներից համաշխարհային պետական պարտատոմսերի շուկայում տեղի ունեցող խառնաշփոթի ֆոնին, ինչը Ֆրանսիան դարձնում է եվրոգոտում ամենաթույլ տնտեսական օղակը»,- գրում է գործակալությունը։
Ըստ հոդվածի՝ «մակրոնականության» ժառանգության պահպանման համար վերջին «ճակատամարտը» կլինի խորհրդարանում Ֆրանսիայի 2027 թվականի բյուջեի ընդունումը: Նույնիսկ եթե փոքրամասնության կառավարությանը հաջողվի ձևավորել վստահություն ներշնչող բյուջեի նախագիծ, Մակրոնի բոլոր բարեփոխումները կարող են չեղարկվել նրա հնարավոր հաջորդների՝ հարցումներում առաջատար դիրքեր զբաղեցնող ընդդիմադիրներ Մարին Լը Պենի և Ժան-Լյուկ Մելանշոնի կողմից։


