
Աժ-ում վեճը՝ հանրությանն օրակարգից շեղելու միջո՞ց․ ո՞վ հրահրեց
ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրը թեժ ավարտ ունեցավ․ եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու քննարկումը վերածվեց իշխանության ու ընդդիմության պատգամավորների բախման։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը ընդհատեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, որ պատգամավորը շեղվել է օրակարգից։ Դրանից հետո դահլիճում սկսվեցին փոխադարձ մեղադրանքներ, գոռգոռոց ու քաշքշոց։ Իրավիճակին միջամտեց Պետական պահպանության ծառայությունը, պատգամավորներին դուրս բերեցին դահլիճից, իսկ բախումները շարունակվեցին միջանցքում։ Ընդդիմությունը տեղի ունեցածի պատասխանատու է համարում ԱԺ նախագահին և իշխանական մեծամասնությանը՝ պնդելով, որ նպատակը քաղաքական օրակարգից հանրության ուշադրությունը շեղելն է։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, սակայն, տեղի ունեցածը դիտարկում է իշխող ուժի քաղաքական ոճի համատեքստում։ Չնայած բախմանը՝ իշխանական մեծամասնությունը հասավ իր նպատակին․ ԱԺ-ն ձևավորեց եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովը, որի քվեարկությանը ընդդիմությունը չմասնակցեց։


