
Bloodlines․ հոլիվուդյան դերասանը ներկայացրել է իր հայկական արմատների և առողջական լուրջ խնդիրների դեմ պայքարի մասին հուշագրությունը
Օրերս հրատարակվել է հոլիվուդյան դերասան Ջո Մանգանելոյի «Արյունակցական կապեր» (Bloodlines) հուշագրությունը, որը պատմում է առողջական խնդիրների դեմ 7-ամյա գաղտնի պայքարի մասին, ինչն էլ նրան տարել է դեպի Հայոց ցեղասպանությունից իր ընտանիքի փրկության պատմությունը:
320 էջից բաղկացած գիրքը պատմում է առողջական խնդիրների դեմ 7 տարի տևած գաղտնի պայքարի մասին, որի ընթացքում նա բացահայտել է իր ընտանիքի՝ ցեղասպանությունը վերապրելու պատմությունը։
Մինչև գրքի հրատարակությունը դերասանի հիվանդության մասին հանրությանը հայտնի չէր։
Աուտոիմունային հիվանդությունների շարքն ախտահարել է նրա մաշկը, վահանաձև գեղձը, աչքերը, թոքերը և մարսողական համակարգը։ Բժիշկները չեն կարողացել լիարժեք բացատրել նրա վիճակը։ Նա մի քանի անգամ հայտնվել է մահվան եզրին, իսկ կյանքը փրկելու համար անհրաժեշտ է եղել օրգաններից մեկը հեռացնել։
«Դա իմ կյանքի ամենադաժան ու դժվարին շրջանն էր՝ մի բան, որ չէի ցանկանա անգամ իմ ամենավատ թշնամուն, բայց միևնույն ժամանակ՝ դա իմ մեծագույն արկածն էր», - նշել է Մանգանելոն PEOPLE ամսագրի հետ զրույցում։
Պատասխաններ փնտրելիս նա դիմել է շամանական պրակտիկաների, հեթանոսական ծեսերի, հնագույն առասպելների և ընտանեկան հին արխիվների։ Այդ որոնումները նրան տարել են դեպի իր հայկական ծագումն ու այն ժառանգական տրավման, որ նա կրում էր իր մեջ։
Նրա մորական մեծ տատը՝ Թերվիզ «Ռոզ» Դարաքջյանը, 1915 թվականին վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Թուրք զինվորները գնդակահարել են նրա ամուսնուն և 8 երեխաներից 7-ին՝ վիրավորելով նաև նրան։ Նա ողջ է մնացել՝ ձևացնելով, թե մահացած է։
Ջո Մանգանելոն խաղացել է «Իրական արյուն» (True Blood) սերիալում, «Սարդ-մարդը» (Spider-Man), «Magic Mike» ֆիլմաշարում և այլն։


