
3 բուհի միավորման գործընթացը․ ի՞նչ փուլում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորման գործընթացի և «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքի վերաբերյալ ABC Media-ն հարցում է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Նախարարությունից հայտնել են, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկել և իրականացվում են կառուցվածքային և բովանդակային խոշորածավալ բարեփոխումներ, որոնք սերտորեն կապված են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հետ։
«Ակադեմիական քաղաքը բաղկացած է կլաստերներից։ Կրթական կլաստերի կառուցվածքում ընդգրկված բուհերն են՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը: «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, կազմակերպման և հետագա կառավարման գործընթացներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը կազմակերպում է նաև ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացը»,- ասված է ԿԳՄՍ պատասխանում։
Ըստ նախարարության՝ «Ակադեմիական քաղաք»-ի հետ կլաստերների աշխատանքը համակարգվում է հիմնադրամում գործող կլաստերների պատասխանատուների և յուրաքանչյուր կլաստերի համակարգման խորհուրդների միջոցով:
Անի Աբաղյան


