
Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին․ Shamshyan.com
Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը , դասաժամի ընթացքում դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում ուսուցիչն ու աշակերտը ներկայացել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


