02 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չունենք ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման նպատակ. Սրբուհի Գալյան

Մենք չունենք ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման նպատակ. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարարությունը շարունակում է նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները, իսկ փաստաթղթի վերջնական բովանդակության պատասխանատվությունը կրելու է հենց նախարարությունը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր ունի Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նոր Սահմանադրության տեքստի մշակման գործընթացում։

Նախարարի խոսքով՝ մինչև այս պահը նախարարությունում մշակված տեքստային առաջարկները քննարկվել են խորհրդի անդամների հետ, իսկ մի քանի հարցերի վերաբերյալ հենց խորհուրդն է որոշել, թե ինչպիսի ձևակերպումներ պետք է ներառվեն նախագծում։

«Խորհուրդը շարունակելու է ներգրավված մնալ գործընթացում, սակայն վերջին քննարկումների ընթացքում հարց է առաջացել՝ խորհուրդը պատրա՞ստ է արդյոք ամբողջությամբ ստանձնել պատասխանատվություն վերջնական տեքստի համար։ Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել՝ խոսքը ոչ թե անհատական, այլ ամբողջ կազմի պատասխանատվության մասին է։ Ես առաջարկել եմ, որ մենք շարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, իսկ այն հրապարակվի Արդարադատության նախարարության անունից։ Խորհրդի անդամներն ազատ կլինեն որևէ դրույթի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու»,- նշեց նախարարը։

Նա անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հնարավոր սահմանադրական կարգավորումներին։ Նրա խոսքով՝ ներկայիս Սահմանադրությունն էլ նախատեսում է, որ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով, իսկ հարկային կամ այլ կարգավորումների մեծ մասը կարող է լինել օրենքի կարգավորման առարկա։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նոր Սահմանադրության նախագծում ներառված որևէ դրույթ վերջնական և անփոփոխ չի համարվելու։

«Յուրաքանչյուր կարգավորում, որը կլինի Սահմանադրության նախագծում, կրելու է նախագծի տեսք։ Մենք հավաքելու ենք կարծիքներ, ինչպես օրենքների շրջանառության դեպքում է, և այդ կարծիքների հիման վրա որոշումներ են կայացվելու նախագիծը լրամշակելու վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ընդդիմությանը Սահմանադրության հետ կապված առաջարկ է ներկայացվելու, նախարարը նշեց, որ առաջարկի բովանդակությունը պետք է ներկայացնի հենց Փաշինյանը։

Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ Սահմանադրության հանրաքվեն ուղիղ ժողովրդավարության կարևոր գործիքներից է, և քաղաքական ուժերը չպետք է կանխարգելիչ դեր ստանձնեն հանրաքվեի անցկացման հարցում։

«Քաղաքական ուժերը չպետք է զսպող կամ կանխարգելիչ դեր ունենան ուղիղ ժողովրդավարության իրականացման համատեքստում։ Չպետք է արգելակեն ժողովրդավարության իրականացումը։ Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում նաև ընդդիմությանը Սահմանադրությունը դնել ժողովրդի քննարկմանն ու քվեարկությանը»,- ասաց նախարարը։

Սրբուհի Գալյանն անդրադարձավ Անկախության հռչակագրին՝ պնդելով, որ դրանում առկա որոշ նպատակադրումներ այլևս ժամանակավրեպ են։

«Մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման վերաբերյալ։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության հարատևության, բարեկեցության, զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման նպատակներ։ Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել, բայց փաստն այն է, որ դրանում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս ժամանակավրեպ են»,- ասաց նախարարը։

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ