
Բելգիայի սուպերմարկետների ցանցի սառնարանները ենթարկվել են հաքերային հարձակման․ դրանցում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
Լույս երկուշաբթի խոշոր կիբեռհարձակում է տեղի ունեցել բելգիական Delhaize, Carrefour, Spar և այլ սուպերմարկետների ցանցերի վրա: Դրանց սեփականատերերը ստիպված են եղել ոչնչացնել 100․000 եվրո արժողությամբ մթերք․ հայտնում է ru.euronews.com-ը։
Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրում տասնյակ սուպերմարկետներ ենթարկվել են կիբեռհարձակման, ինչի հետևանքով նրանց սառնարաններում ջերմաստիճանը բարձրացվել է մինչև 70 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։ Դրա պատճառով ստիպված են եղել թափել 100․000 եվրոյի սննդամթերք։
Տուժել է Delhaize ցանցի մոտ 40 սուպերմարկետ, Carrefour ցանցի առնվազն 15 խանութ և Spar ցանցի 5 խանութ:
Կիբեռհանցագործները հարձակումն իրականացրել են այս գիշեր՝ կտրուկ բարձրացնելով սառնարանների ջերմաստիճանը։
Հաղորդվում է, որ անցած գիշեր խնդիրներ են առաջացել նաև շվեդական ICA սուպերմարկետների ցանցի մի շարք խանութներում։


