
Փաշինյանն ու թիմը, որ աղմկում էին բանակում ճանճի տզզոցից անգամ, այժմ ԶՈւ-ում մահվան լուրի ֆոնին խաշ են վայելում․ քաղաքագետ
Քաղաքական իշխանության և ոչ մի արձագանք հոկտեմբերի 31-ին բանակում հերթական ողբերգական դեպքից հետո, որ գրանցվել է այն օրը, երբ քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում Արաբկիրի բակերում․ գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Այս ողբերգությունները դարձել են պարզապես «սովորական» մի բան։
Դա անթույլատրելի է։ Դա պետք է դառնա քաղաքական և քաղաքացիական օրակարգ։ Քաղաքացիկան «բյուրոկրատիան», որ մի ժամանակ աղմուկ էր հանում բանակում անգամ ճանճի տզզոցից, այսօր տեղավորվել է քաղաքական իշխանության լանջերին և լուռ վայելում է հարմարավետությունը։ Պետք է ձևավորվի քաղաքացիական նոր միջավայր, նոր հանրային սեկտոր, որպեսզի բանակում ողբերգակա զարգացումները չլինեն եզակի իրավապաշտպանների ուշադրության առարկա, այլ լինեն ինստիտուցիոնալ արձագանքի ենթակա, որպեսզի իշխանությունը այդ ամենի համար ունենա քաղաքական պատասխանատվության պարտավորվածություն։
Այս հարցը պետք է ինստիտուցիոնալ մակարդակում օրակարգայնացնի նաև քաղաքական ընդդիմությունը։ Ընդ որում, դա պետք է անել թերևս ոչ թե հարցը պարզապես բարձրաձայնելով, այլ հենց ինստիտուցիոնալացված, այսինքն՝ մասնագիտական քննարկումներով ուղեկցելով, որոնց նպատակը կլինի հանրությանը ներկայացնել զինուժի կառավարման կոնցեպտուալ առաջարկներ ու այլընտրանքներ»,- նշում է նա։


