
Ով է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում․ «Հետք»
Այս աղմկահարույց սխեման բացահայտվեց պատահաբար, երբ «Հետքն» ուսումնասիրում էր Freedom House կազմակերպության՝ Հայաստանում 2017 թվականի ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը. գրում է «Հետք»-ը։
«Զեկույցում որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am կայքը։ Անցնելով հղումով՝ պարզեցինք, որ կայքն առաջարկում է առցանց խաղատներ ու բուքմեյքերական ծառայություններ։ Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։
Այդ կայքերի թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի իրավական տեղեկատվական համակարգի, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքերը ու մի քանի լրատվական և այլ բովանդակությամբ կայքեր։ Այս բոլոր կայքերը ներկայում փոխկապակցված են, և Հայաստանում դրանց առանցքային հանգույցը haykbet․am-ն է։ Վերջինս էլ իր հերթին կապված է միջազգային նմանատիպ ցանցի։
Ո՞վ է սեփականատերը, և ինչպես է ցանցը գործում
Haykbet․am-ի սեփականատերը բուլղարացի գործարար Միրոսլավ Պավլովն է (Miroslav Pavlov)։ .am տիրույթի մյուս կայքերը փոխկապակցված են հենց Haykbet-ին։ Պավլովն այս ոլորտում նորեկ չէ՝ առնվազն 10 տարի։ Հետաքրքիր մի փաստ՝ 2015-ին Պավլովը Quora-ի կայքում հարց էր ուղղել՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է սերբական (.rs) դոմեն գրանցելիս թաքցնել սեփականատիրոջ իրական տվյալները։
Պավլովի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև հայկական տիրույթի (.am) կայքերը։ Թեև բաց աղբյուրներում Haykbet-ի իրական սեփականատիրոջ տվյալները փակ են, «Հետքի» տրամադրության տակ հայտնված տվյալներով հաստատվում է, որ կայքի հետևում կանգնած է հենց Միրոսլավ Պավլովը»,- նշում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


