04 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ատամնաբույժը 8 տարի ապօրինի գործունեություն է ծավալել Բրատիսլավայում. «Հետք»

Հայ ատամնաբույժը 8 տարի ապօրինի գործունեություն է ծավալել Բրատիսլավայում. «Հետք»

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Ստարե Մեստո վարչական շրջանի փողոցներից մեկում գտնվող առանձնատանը տարիներ շարունակ գործել է ատամնաբուժական կլինիկա, որի գործունեությունը դուրս է եղել տեղական առողջապահական վերահսկողության տիրույթից։ Բժշկական ծառայություններ մատուցած անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովիկ Նազարեթյանն է․ գրում է «Հետք»-ը։

Սլովակիայի պատկան մարմինների պարզաբանումները հաստատում են, որ Նազարեթյանն այդ երկրում աշխատել է առանց ատամնաբուժական արտոնագրի ու դիպլոմի ճանաչման, իսկ նրա մասնագիտական որակավորմանը հաստատող որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։

Նկուղային ընդունելություն, «Ֆեյսբուք»-ի գովազդներ և 10 000 եվրոյի կանխիկ վճարումներ

Բրատիսլավայի Պրի Սուխոմ մլինե (Pri Suchom mlyne) հասցեում գործող ատամնաբուժարանի ապօրինի գործունեությանն առաջին անգամ 2023 թվականի դեկտեմբերին, ապա  2024 թվականի հունիսին անդրադարձել էր սլովակյան STVR պետական հեռուստառադիոկայանի «Reportéri» հետաքննական հաղորդաշարը։ Լրագրողական ստուգումներով արձանագրվել էր, որ առանձնատանը պացիենտներ են ընդունել Հայաստանի քաղաքացի Հովիկ Նազարեթյանը և Ուկրաինայի քաղաքացի Օլգա Ժովնիրը։

«Հետք»-ին նույնպես դիմել է Նազարեթյանի՝ Սլովակիայում բնակվող բուժառուներից մեկը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրել է չհրապարակել իր անունը։

Ըստ պացիենտի տրամադրած տեղեկությունների՝ Հովիկ Նազարեթյանը Սլովակիայում բնակվել և ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցել շուրջ 8 տարի։

Ըստ նրա՝ բուժառուների ընդունելությունը տարիների ընթացքում իրականացվել է տարբեր վայրերում՝ ոչ բնակելի տարածք դարձած բնակարաններում, որոնք չեն ունեցել որևէ ցուցանակ կամ ցուցատախտակ, իսկ վերջին շրջանում՝ նկուղային տարածքում։ Այցելուներին ներգրավելու համար օգտագործվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գովազդային էջերը, ինչպես նաև հայտարարություններ են տեղադրվել Ուկրաինայից տեղահանված անձանց աջակցման կենտրոններում։

Ըստ «Հետքի» զրուցակցի՝ ծառայությունների համար վճարել են զգալի գումարներ (5 000-ից մինչև 10 000 եվրո), իսկ բուժառուներին ատամնալիցքերի համար խոստացվել է ընդհուպ  20 տարվա երաշխիք: Սակայն մի շարք բուժառուներ, ըստ վկայության, բախվել են առողջական բարդությունների՝ վարակների, լիցքերի թափման և ատամնապսակների քայքայման։

Մեզ դիմած բուժառուն նշում է նաև, որ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները գրեթե միշտ կատարվել են կանխիկ եղանակով՝ առանց ՀԴՄ կտրոնների կամ անդորրագրերի տրամադրման (բանկային փոխանցումներ կատարվել են եզակի դեպքերում)։

2023-2024թթ․ ահազանգերն ու հետաքննությունից հետո փակված դռները

Սա ապօրինի բժշկական գործունեության մասին առաջին ահազանգը չէր։ Ըստ սլովակական մամուլի հրապարակումների և բուժառուի տվյալների՝ դեռևս 2023թ․ դեկտեմբերին սլովակ լրագրողները գաղտնի նկարահանմամբ հետաքննություն էին իրականացրել տվյալ հասցեում։

Չնայած ահազանգերին՝ վերահսկողության բացերի պատճառով պատկան մարմիններին չէր հաջողվել կասեցնել կլինիկայի գործունեությունը, և ապօրինի ընդունելությունը վերսկսվել էր։

Գործունեությունը դադարեցվեց միայն 2024 թվականի հունիսին՝ STVR-ի Reportéri հաղորդաշարի ռեպորտաժից հետո, որտեղ տեսախցիկը տեղում արձանագրել էր Հովիկ Նազարեթյանի և Օլգա Ժովնիրի ներկայությունը։ Ռեպորտաժից հետո տարածքը փակվեց, սակայն, բուժառուների փոխանցմամբ, իրավապահների քննությունը դանդաղում է՝ վճարման պաշտոնական կտրոնների բացակայության պատճառով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ