13 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում երեխա ունենալը դառնում է ոչ նորաձև․ Արթուր Աթանեսյանը՝ ծնելիության նվազման պատճառների մասին

Հայաստանում երեխա ունենալը դառնում է ոչ նորաձև․ Արթուր Աթանեսյանը՝ ծնելիության նվազման պատճառների մասին

Հայաստանում ծնունդների թիվը շարունակում է նվազել։ 2025 թվականին հանրապետությունում ծնվել է 32 042 երեխա՝ 2024 թվականի 33 593-ի դիմաց։ Իսկ 2026 թվականի առաջին ինն ամիսներին ծնվել է 22 759 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23 653-ի փոխարեն։ Այսինքն՝ նվազումը շարունակվում է։

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ABC Media-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ծնելիության նվազումը պայմանավորված է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակով, այլև հասարակության արժեքային փոփոխություններով։ Նրա դիտարկմամբ՝ աստիճանաբար փոխվում է ընտանիքի ավանդական մոդելը, իսկ երեխաներ ունենալն ու ընտանիք կազմելը երիտասարդների շրջանում այլևս նախկին գրավչությունը չունեն։

«Այսօր հայաստանցիները, այդ թվում՝ երիտասարդները, ապրում են մեկ օր ապրելու մշակույթով։ Այսօրով ապրելով՝ հեռանկարային նախագծերը չեն տեղավորվում մտածողության մեջ։ Երեխա ունենալը և ընտանիք կազմելն այդ թրենդների մեջ մտավ և դարձավ ոչ մոդայիկ»,- նշում է սոցիոլոգը։

Աթանեսյանի խոսքով՝ ժամանակակից սպառողական մշակույթում երեխան հաճախ ընկալվում է որպես երկարաժամկետ ներդրում և լրացուցիչ հոգս, մինչդեռ երիտասարդներն ավելի շատ հակված են դինամիկ կյանքի, փոփոխությունների և կարճաժամկետ նպատակների։ Սոցիոլոգը չի բացառում նաև պատերազմների, սոցիալական դժվարությունների և աշխատանքային ծանրաբեռնվածության ազդեցությունը, սակայն կարծում է, որ միայն տնտեսական գործոններով ծնելիության անկումը բացատրել հնարավոր չէ։ Նրա դիտարկմամբ՝ պատմականորեն անգամ աղքատության և պատերազմների պայմաններում մարդիկ շարունակել են երեխաներ ունենալ։

«Այսօր մենք ավելի բարվոք պայմաններում ենք, քան մեր ամբողջ պատմության ընթացքում։ Հայ մարդն այդքան ճոխ երբեք չի ապրել, բայց միևնույն ժամանակ երեխաների թիվը պակասում է։ Այսինքն՝ վատ կյանքից չէ, որ մարդիկ երեխա չեն ունենում, և լավ կյանքից չէ, որ ունենում են»,- ասում է Աթանեսյանը։

Սոցիոլոգի գնահատմամբ՝ ժողովրդագրական անկումը կարող է անմիջականորեն անդրադառնալ Հայաստանի պետականության, տնտեսության և պաշտպանունակության վրա։ Նրա խոսքով՝ բնակչության թվի նվազման հետևանքով կրճատվում է նաև աշխատուժը, հարկատուների թիվը, իսկ բանակի և անվտանգության համակարգի համալրումը դառնում է ավելի բարդ։

«Պետականության կորուստ՝ ուղղակիորեն։ Շուկան չի կարող աշխատել, եթե չկան մարդիկ, եթե չկան սպառողներ։ Բանակը չի կարող համալրվել, ոստիկանությունը՝ նույնպես։ Եթե մարդիկ այս երկրում չլինեն, ամեն ինչի կորուստն է»,- ընդգծում է սոցիոլոգը։

Աթանեսյանը կարծում է, որ ժողովրդագրական խնդիրների համատեքստում արտագաղթը ևս պետք է դիտարկվի որպես Հայաստանի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։ Նրա խոսքով՝ այն կարող է վտանգել ոչ միայն երկրի մարդկային ներուժը, այլև ազգային ինքնության պահպանությունը։

Խոսելով ծնելիության վերականգնման հնարավոր քայլերի մասին՝ սոցիոլոգն առաջարկում է փոխել ընտանիքի և երեխա ունենալու վերաբերյալ հանրային ընկալումները։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ընտանիքն ու երեխա մեծացնելը ներկայացնել որպես գրավիչ, հաճելի և հեռանկարային ընտրություն։

«Պետք է ցույց տալ, որ թրենդային է երեխա ունենալը։ Պետք է PR անել ընտանիքը և երեխան։ Պետք է գովազդել երեխա ունենալու և երեխա մեծացնելու իրավիճակը՝ որպես հաճելի, հետաքրքիր, զվարճալի, իմաստավորված և հեռանկարային»,- ասում է Արթուր Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքի և ընտանեկան արժեքների հանրահռչակումը պետք է իրականացվի նաև սոցիալական գովազդի միջոցով, քանի որ կոմերցիոն գովազդում գերակշռում են մասնավոր բիզնեսի շահերը, իսկ հանրային արժեքների առաջմղման համար ներդրումները բավարար չեն։

Նանե Հայրապետյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ