2024 թվականին նոր թանկացումներ են սպասվում․ Սուրեն Պարսյան
2024 թվականը լինելու է թանկացումների տարի, դրա հիմքերն արդեն դրվել են․ ABC economics հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Մասնավորապես, 2024 թվականի հունվարի 1-ից գույքահարկը թանկացել է և այդ գույքահարկի դրույքաչափը կազմելու է այն հիմնական գույքահարկի 50 տոկոսի չափով։ Այսինքն 2023 թվականի համեմատ գույքահարկն ավելանալու է մոտավորապես 43 տոկոսով»,-ասել է Պարսյանը։
Տնտեսագետի համոզմամբ՝ սա լրացուցիչ ծախս է մեր հանրության համար, հատկապես աղքատ և միջին խավի համար, որոնց բնակարանների համար գանձվող գույքահարկը կդառնա աստղաբաշխական։
«Մարդկանց եկամուտները 50 տոկոսով չեն ավելացել, որ նրանք կարողանան, օրինակ` 50% ավելի գույքահարկ վճարել»,-նշեց նա։
Պարսյանն հիշեցնում է՝ մյուս թանկացումը կապված է կարմիր գծերի հետ։
«Կառավարությունը, այս դեպքում նաև կարող ենք նշել, Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեցին, որ կարմիր գծերի վճարը պետք է ավելացնեն։ Նախկին 12000 դրամի փոխարեն, այն արդեն արժի 160 հազար դրամ։ Անշուշտ մարդկանց եկամուտները տասնապատիկ անգամ չեն ավելացել, և ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինելու ավելի շատ վճարել կամ խախտել օրենքը»,- ասել է Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ սա նոր թանկացումների, նոր լրացուցիչ ծախսերի առիթ է դառնալու մարդկանց համար։ «Երբ կարմիր գծերը թանկանում են, իսկ մարդիկ աշխատում են կենտրոնում, ապա ստիպված են լինելու նաև իրենց ծառայությունների գները թանկացնել, որ կարողանան այդ թանկացումների դեմն առնել»,-նշել է նա։
Պարսյանն ասում է, որ թանկանալու են նաև ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները։
«Դարձյալ հարկային օրենսգրքով նախատեսված է, որ 2024 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով ավելանալու է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, որն էլ միանշանակ հանգեցնելու է այս ապրանքների գների աճին։ Սրանց գների աճը պայմանավորված է նրանով, որ Կառավարությունը որոշեց 2020 թվականին իրականացնել համահարթ եկամտային քաղաքականություն, այսինքն՝ եկամտային հարկի դրույքաչափը իջեցնել, հատկապես բարձր աշխատավարձ ստացողների համար։ Այդ հարկային բեռը նրանք փոխանցեցին ամբողջ հանրության վրա, մասնավորապես ալկոհոլի, ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման միջոցով։ Նրանք նվազեցրին հարկերն ունևոր խավի համար, դրա փոխարեն ավելացրին ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք վճարում են բոլորը»,-նկատում է տնտեսագետը։
Սուրեն Պարսյանը վստահեցնում է՝ այստեղ աղքատներ-հարուստների խնդիրը չէ, բայց ակնհայտ է, որ հարկերի վերաբաշխում է տեղի ունեցել հարուստներից դեպի հանրություն։
«Մյուս թանկացումը նախատեսվում են տաքսի ծառայությունների շուկայում։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտում գործում են հազարավոր մարդիկ, ովքեր իրենց հանապազօրյա հացն են վաստակում տաքսի ծառայություններ մատուցելով։ Սեպտեմբերից նրանք պարտադրված են լինելու 2% հարկ վճարել իրենց ծառայությունների մատուցման համար։ Հետագայում այդ հարկային դրույքաչափը ավելանալու է: Այսինքն` տարին դեռ չսկսած, մենք արդեն որոշակի թանկացումների, լրացուցիչ հարկային բեռի տակ ենք գտնվում։ Անշուշտ սա իր բացասական ազդեցությունն է թողնելու մարդկանց կենսամակարդակի վրա, քանի որ մարդկանց եկամուտները, թոշակները, նպաստները այդքան արագ չեն աճում, ինչպես հարկերն են Հայաստանի Հանրապետությունում»,-եզրափակեց տնտեսագետը։