Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ խուլիգանություն կատարած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել. Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։