ABCMEDIA
Հայաստանի պետական պարտքն ավելացել է․ յուրաքանչյուր քաղաքացի 4100 դոլար պարտք ունի

Հայաստանի պետական պարտքն ավելացել է․ յուրաքանչյուր քաղաքացի 4100 դոլար պարտք ունի

 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 11 միլիարդ 800 միլիոն դոլար։ Սա բավականին մեծ թիվ է, հաշվի առնելով վերջին տարիներին տնտեսական աճի տեմպը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ամբողջ պոտենցյալը․ ABC media-ի եթերում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։


«Միայն 2023 թվականի ընթացքում պետական պարտքն ավելացել է 1,2 միլիարդ դոլարով, ինչը պայմանավորված է ինչպես ներքին, այդպես էլ արտաքին պարտքի ավելացմամբ։ Առհասարակ պետական պարտքն ավելանում է, երբ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները։ Վերջին 5 տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս ժամանակահատվածում, Հայաստանի պետական պարտքն ավելացել է 5 միլիարդ դոլարով, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 4100 դոլար։ Այս ամբողջ պարտքը դրված է մեր ներկա ու ապագա սերունդների հաշվին, և մենք պետք է այս գումարը վճարենք մասմաս»,-ասել է Պարսյանը։

Նա նշել է, որ  պետական պարտքի սպասարկման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է մոտ 400 միլիարդ դրամ, իսկ հաջորդ տարիներին այն ավելի է մեծանալու։

 «Հիմնական պիկին ենք հասնելու 2025-26 թվականներին, երբ ստիպված ենք լինելու մարել պետական պարտատոմսերի համար նախատեսված վճարը։ Առհասարակ պարտք ունենալը վատ բան չէ, եթե այդ պարտքը օգտագործվում է արդյունավետ, կամ երբ այդ գումարը ներդրվում է երկարաժամկետ զարգացման համար։ Այսինքն դու այդ պարտքով ստեղծում ես տնտեսության մեջ այնպիսի օբյեկտներ, որոնք եկամուտ են բերում ձեզ։ Հայաստանի կառավարությունը վերջին 5 տարիների ընթացքում պետական պարտքը ավելացնելով չի կարողացել աճի այդպիսի բևեռներ ստեղծել, որը թույլ կտա ապագայում եկամուտներ բերել Հայաստանի տնտեսության համար»,-նշել է տնտեսագետը։


Պարսյանի խոսքով՝ Հայաստանի պետական պարտքի քաղաքականությունը վերջին տասնամյակում հիմնականում մնացել է նույն տրամաբանության մեջ․ պարտք վերցնել տարբեր կապիտալ շինարարական ծրագրերի անվան տակ, պարտք վերցնել ճանապարհ սարքելու համար։ Իրականում հիմնականում հաջողվում է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, այն էլ անորակ։