Հատված Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Մարգարեն մեզ ասում
է ․ «Երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովութեան մեջ ընկավ։ Երկիրը պիտի տագնապի,տարակուսի
և խոնարհվի։ Երկիրը պիտի շարժվի ու ցնցվի, ինչպես այգու պահապանի տնակ, հարբածի ու
երերվողի պես պիտի գլորվի և պիտի չկարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել
է անօրենությունը» (Եսայի 24։18-20)։
Մեզ վրա մեր անօրենություններն
են ծանրացել։
Մեզ վրա առաջնորդության
անօրենությունն է ծանրացել, մեզ վրա վախի անօրենությունն է ծանրացել, ստի անօրենությունն
է ծանրացել, կեղծիքի անօրենությունն է ծանրացել, դավաճանությունն ու ուրացումը դիվանագիտության
տեղ ներկայացնելու անօրենությունն է ծանրացել, մեր նահատակ եղբայրների սխրանքը «ոչինչ»
և «անպատասխանատվություն» համարելու անօրենությունն է ծանրացել։
Այդ պատճառով էլ մենք
Հայրենիքը կարմիր թելով փաթաթված՝ այդ ամբողջ արյունով, զոհաբերությամբ ու սխրանքով,
ինքնընծայեցինք թշնամուն՝ թե՛ ներքին, և թ՛ե արտաքին։
Եվ մեր միակ ճանապարհն
այս բոլորը գնահատելն է, ճշմարտության հետ հաշտ լինելն է, նրանից չվախենալն է, դարձի
գալն է՝ զղջալով դարձի գալն է, խոստովանությամբ դարձի գալն է, և ոչ թե մահվան մասին
մտածելն է, այլ անմահության մասին, ոչ թե այս կամ այն ճանապարհով դեպի մահ ընթանալու
մասին մտածելն է, այլ մտածելը, որ մենք ընթանում ենք դեպի անմահություն»։