
Ֆրանսիայում շոգը մեծ վնաս է հասցրել նաև գուղատնտեսությանը․ խոսքը միլիարդավոր եվրոների մասին է
Ֆրանսիայում անոմալ շոգի հետևանքով մեծ վնաս են կրել ֆերմերները։ Երկրի գյուղատնտեսական խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի ղեկավար Առնո Ռուսոյի խոսքով՝ հողագործներին փոխհատուցելու համար միլիարդավոր եվրոներ կպահանջվեն․ հայտնում է ֆրանսիական Franceinfo ռադիոկայանը։
«Խոսքը միլիարդավոր եվրոների մասին է։ Իհարկե, ավելի ճշգրիտ թիվ հրապարակելու համար պետք է սպասել, որ շոգը նահանջի, և հնարավոր լինի վերջնական հաշվարկ անել։ Թեև որոշ ֆերմերներ ապահովագրական ընկերությունների հետ կնքած պայմանագրեր ունեն, բայց հասկանում ենք, որ դրանք չեն ծածկի այս ծավալի վնասը»,- շեշտել է Ռուսոն։
Նրա խոսքով՝ թե՛ անասնապահության, թե՛ հողագործության մեջ անհնար է նորմալ արտադրանք տալ, երբ ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Աննի Ժենևան ևս ասել էր, որ անոմալ շոգը հսկայական վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։ Նրա խոսքով՝ կտրուկ նվազել են բանջարեղենի բերքատվությունն ու կաթի արտադրության ծավալները, ինչպես նաև շատ են անասունների անկման դեպքերը։


