
Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի և վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ էր տարածվել։


