26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը փոխում է բանակի զինման տրամաբանությունը

Ադրբեջանը փոխում է բանակի զինման տրամաբանությունը

ԵՄ արտաքին գործողության ծառայության տվյալներով՝ Բաքվին զինում են նաև Եվրամիության պետությունները։ Ըստ այս ծառայության՝ Եվրամիությունից Ադրբեջան է մատակարարվել 339մլն. եվրոյի զենք։ Ուշագրավ է, որ այդ 339 միլիոնից 148,3 միլիոնը բաժին է ընկնում, Հայաստանի իշխանական շրջանակների կողմից, գրեթե ռազմավարական դաշնակից համարվող Ֆրանսիային։ Army Recognition-ի և տարբեր բաց աղբյուրների տվյալներով՝ Ադրբեջանը Փարիզից ստացել է  MO-120RT-61 120 միլիմետրանոց ականանետեր, Ռենո(Renault)Sherpa2 զրահամեքենաներ, MICA և Astra30 ՀՕՊ հրթիռներ։ Նշենք, որ Ֆրանսիան ամեն պատեհ առիթ բաց չի թողնում հայտարարելու, որ Հայաստանին մատակարարում է զուտ պաշտպանական զենքեր։ Բայց Ադրբեջանին, ըստ էության, չի վարանում վաճառել, նաև հարձակողական զենքեր։ Համենայն դեպս, 120 միլիմետրանոց ականանետերը, ոչ մի կերպ, բացի հարձակողականից, չես կարող բնութագրել։ Ադրբեջանին զենք վաճառած ԵՄ մյուս երկրներն են եղել Չեխիան, Բուլղարիան, Իտալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ, որոնց մատակարարած զենքի չափաբաժինը համեմատաբար փոքր է եղել։ Բացի ԵՄ երկրներից, արևմտյան պետություններից Մեծ Բրիտանիան ևս զենք է վաճառել Ադրբեջանին, ընդհանուր առմամբ 86 միլիոն Ֆունտ ստեռլինգի։

 

Մինչև 2015թ., SIPRI (Ստոկհոլմյան խաղաղության միջացգային ինստիտուտ)-ի տվյալներով, Բաքվին զենք վաճառող հիմնական երկրներն են Ռուսաստանը 60% մասնաբաժնով, Իսրայելը, Բելառուսը համապատասխանաբար՝ 26% և 7,1% մասնաբաժիններով, Չեխիան, Սլովակիան, Ուկրաինան, Իսպանիան, Ռումինիան և Բոսնիա-Հերցոգովիանան։ Սակայն, նույն SIPRI-ի տվյալներով, 2015-ից հետո Ադրբեջանը փոխել է զենքի գնման տոկոսային հարաբերակցությունը՝ հօգուտ Իսրայելի, որի մասնաբաժինը հասել է 60%-ի։ Այս հարաբերակցության փոփոխությունը պայմանավորված է 2 հանգամանքով։ Առաջինը, դա այն է, որ Ադրբեջանում Իսրայելին համարում են իրենից հետ ավելի սերտ ընդհանուր շահեր ունեցող երկիր, քան Ռուսաստանը։ Եվ երկրորդ, Ռուսաստանը չուներ Ադրբեջանին հետաքրքրող անօդաչու թռչող սարքեր և առաջադեմ, արևմտյան տեխնոլոգիաներին մոտ զինատեսակներ։ Թուրքիայի զենքի մասնաբաժինը Ադրբեջանում հասել է 3,2%-ի։ Սակայն, այս տվյալը կասկածներ է առաջացնում։ Քանի, որ Անկարան Բաքվին մատակարարել է, ոչ միայն հասարակ հրաձգային միջոցներ, այլև ինքնագնաց հրետանային համալիրներ, հրթիռահրետանային միջոցներ, «Բայրաքթար» և այլ տիպի անօդաչու թռչող սարքեր։ Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանը 155 միլիմետրանոց NORA տեսակի ինքնագնաց հրետանային համալիրներ է ձեռք բերել  Սերբիայից։  

 

Դատելով Ադրբեջանի այս նոր քաղաքական տենդենցներից՝ կարող ենք ասել, որ Բաքուն նպատակասլաց կերպով մեծացրել է զենքի ձեռք բերման աշխարհագրությունը։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում բոլոր այն երկրներից, որոնց ռազմական արդյունաբերությունը ծանրաբեռնված չէ տարբեր կոնֆլիկտային գոտիներ զենքի մատակարարմամբ և պատրաստ են կարճ ժամանակահատվածում մատակարարել անհրաժեշտ զենք և զինամթերք՝ համեմատաբար էժան գներով։ Սրա վառ ապացույցն է Իսլամաբադի և Բաքվի միջև 1,6 միլիարդ դոլարի պայմանագիրը. որի համաձայն Ադրբեջանը պետք է ձեռք բերի պակիստանական արտադրության 8 մարտական ինքնաթիռ՝ համապատասխան զենք ու զինամթերքով։ Կան տեսաբաններ, որոնք նշում են, որ Ադրբեջանի այս աննախադեպ զինվելը ոչ այնքան Հայաստանի դեմ է, որքան հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի։ Այս պնդումը ինչ-որ չափով իրատեսական կլիներ, եթե Իրանի դեմ Արևմուտքի կողմից ձեռնարկվեր գլոբալ ներխուժում, որտեղ Ադրբեջանը կարող էր ունենալ իր փոքրիկ դերակատարումը։ Գլոբալ ներխուժման բացակայության դեպքում, Ադրբեջանը իր մարդկային ռեսուրսներով, մի քանի պակիստանական ինքնաթիռներով, սերբական, չեխական ինքնագնաց համալիրներով և ֆրանսիական ականանետերով ոչինչ չի կարող անել Մերձավոր Արևելյան այս հզոր ուժային կենտրոնի դեմ։ Փոխարենը, նշված զինատեսակները, առավել քան բավարար են անպատեհ խաղաղասիրական քաղաքականություն որդեգրած Հայաստանի դեմ նոր և ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Այստեղ կարող են լինել տեսակետներ, ըստ որոնց՝ Բաքվի կողմից հապճեպ կերպով ձեռք բերված զինտեխնիկան կարող է այնքան էլ որակյալ չլինել։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը վարում է զենքի ձեռք բերման ավելի գրագետ և պրագմատիկ քաղաքականություն։ Քարշակվող և իր անալոգներից, գրեթե երկու, երեք անգամ ավելի ծանր կշռող հրետանու փոխարեն, ինչպիսին հանդիսանում է Հայաստանի կողմից ձեռք բերվելիք ATAGS հնդկական արտադրության համալիրները, Բաքուն շեշտը դնում է ինքնագնաց հրետանու վրա։ Քանի որ, ռազմական գործ տեսանկյունից, դրանք առավել մոբիլ են, կարող են կրակել և արագ դիրքափոխվել, ինչը այսպիսի զինտեխնիկայի դեմ պայքարը ավելի բարդ է դարձնում։ Կամ, ասենք, նույն ֆրանսիական թանկարժեք երեք ռադարի փոխարեն, ադրբեջանցիները գնում են հարվածային անօդաչու սարքեր, որոնք մեծացնում են իրենց կրակային հնարավորությունները։

 

Բաքվում զերծ են, այն սենտիմենտալ հայացքներից, ըստ որոնց, արևմտյան կամ մեկ այլ երկրի արտադրանք իրենց համար կարող է դառնալ «փրկության փարոս»։ Փոխարենը, նրանք արագ ու էժան զինվում են, և պատրաստվում են Հայաստանի հետ նոր պատերազմի, քանի դեռ  գոյություն ունեն, իրենց համար նպաստավոր քաղաքական պայմաններ։

 

Աշոտ Բարեքյան