
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Մեղրու մանկապարտեզին հարող տարածքում կազմակերպված խորհրդանշական ծառատունկով․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքով՝ արվում է հնարավորը՝ քաղաքը բարեկարգ ու գեղեցիկ պահելու համար՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով. «Հասկանում ենք, որ այս միջոցառումներից հետո Մեղրին կդառնա ավելի ճանաչելի ոչ միայն ԱՊՀ տարածաշրջանում, այլև այլ երկրներում։ Մարդիկ կճանաչեն Մեղրին, և զբոսաշրջիկներն ավելի հաճախ կայցելեն այստեղ։ Իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր զբոսաշրջիկ Մեղրիում իրեն զգա հարմարավետ միջավայրում և վերադառնալով իր երկիր՝ նաև ուրիշներին խորհուրդ տա այցելել Մեղրի»։
Ծառատունկից հետո ԱՊՀ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչները, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ, այցելել են Մեղրու պատմամշակութային վայրեր: Առաջին կանգառը Մեղրու փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) միջնադարյան եկեղեցին էր: 16-րդ դարի բացառիկ հոգևոր կառույցը հարուստ է հայկական որմնակամարներով և մանրանկարչությամբ: Հյուրերն այցելել են նաև Խաչաց տուն, որը Մեղրիում պահպանված ամենահին բնակելի տունն է և ծառայում է որպես մշակութային ժամանց վայր և հյուրատուն-թանգարան: Հաջորդաբար նրանք այցելել են Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի 17-րդ դարի կամուրջ:
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի բացման միջոցառումներն անցկացվում են ապրիլի 16-17-ը։ Ծրագիրը ներառում է մի շարք մշակութային միջոցառումներ՝ ART Expo ցուցահանդես, որտեղ անդամ երկրները կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, գալա համերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ, գիշերային դիսկոտեկ՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ, ինչպես նաև այցելություններ Մեղրու պատմամշակութային հաստատություններ։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո՝ 2011 թվականից։ Մեղրին հայկական երրորդ քաղաքն է, որին շնորհվել է այս պատվավոր կարգավիճակը․ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել 2013 թվականին, իսկ Գորիսը՝ 2018 թվականին»,- ասված է հաղորդագրությունում։


