ABCMEDIA
Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ուժեղացնել հակաահաբեկչական միջոցառումները՝ հաշվի առնելով Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկանում է «Интерфакс»-ը։

Համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության հարցերով ազգային կոմիտեի նիստում։ Ենթադրվում է, որ միջոցառումները թույլ կտան ավելի արդյունավետորեն ապահովել անվտանգությունը, մասնավորապես, կաթոլիկների Զատկի տոնի ժամանակ։

«Հանդիպման մասնակիցները ուշադիր վերլուծել են Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ վերլուծությունն անհրաժեշտ էր ահաբեկիչներից պաշտպանվելու՝ ավելի վաղ սահմանված միջոցները կատարելագործելու համար»,- նշել են Իտալիայի ներքին գործերի նախարարությունում:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ կառավարությունը ձգտում է համաքաղաքացիներին ավելի արդյունավետորեն պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում (խմբ․՝ Ռուսաստանում) և փորձում ենք հնարավորինս լավ պաշտպանել իտալացիներին», – ասել է Տայանին տեղական ռադիոյի եթերում: