ABCMEDIA
Տավուշի մարզի 4 գյուղերն ի՞նչ հիմքով եք ճանաչում ադրբեջանական․ պատգամավոր

Տավուշի մարզի 4 գյուղերն ի՞նչ հիմքով եք ճանաչում ադրբեջանական․ պատգամավոր

Տևական ժամանակ է՝ Փաշինյանն ու Ալիևը բանակցում են Հայաստանից գյուղեր, տարածքներ զիջելու համար։ Թե ինչ հիմքերով ու քարտեզներով են տարվում, բանակցությունները հայտնի չէ․ այսօր խորհրդարանական ճեպազրույցին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայկական տարածքները հանձնում են ու չեն ասում՝ Ադրբեջանը օկուպացված տարածքներից դո՞ւրս է գալու, թե՞ ոչ, հայկական տարածքները հանձնում են, խաղաղություն չենք ստանում, տարածքները հանձնում են, պատերազմ չեն կանխում։ Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ միակողմանի զիջում։ Մենք առաջարկում ենք համապարփակ գործողություն սկսել, որը կունենա հիմքեր, հաստատված քարտեզներ»,- ասել է Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ առանց որևէ հստակեցումների տարածքներ հանձնելը Հայաստանի համար անվտանգային նոր հարցեր է առաջացնելու։ Գործող իշխանությունը զիջում է նաև միջպետական ճանապարհը՝ այդպիսով կորցնելով վերահսկողությունը գազատար խողովակների վրա։

«Անվտանգային այս բոլոր խնդիրները ստեղծվում են առանց որևէ բան ստանալու։ Հստակեցրեք սկզբունքները»,- եզրափակել է Աննա Գրիգորյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է իշխանության առաջ քաշած 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որտեղ Ադրբեջանը չի հաստատել ոչ մի դրույթ։

«Այս իշխանությունը հղում է անում մի քարտեզի, որը գոյություն չունի»,- ասել է Խաչատրյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը ճեպազրույցներին կարող եք կարդալ մեր մյուս նյութում։