ABCMEDIA
Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության պատճառների մասին

Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության պատճառների մասին

ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան
Խաչատրյանը ABC Media-ի հետ զրույցում խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի, դրա ընթացքում
և դրանից հետո առաջացած խնդիրների, մեր պարտության պատճառների և այլ հարցերի մասին։

«Ընդունված կարգ է, երբ պատերազմ է հայտարարված, երկրի ղեկավարումն իրականացնող
անձը պետք է կազմակերպի և իրականացնի այդ գործընթացները։ Մեզ մոտ օրինական կերպով չի
իրականացվել, այսինքն՝ երկրի ղեկավարը՝ չլինելով պատերազմական իրավիճակում, իրավական
դաշտում իրավունք չունի դառնալ գերագույն գլխավոր հրամանատար և կառավարել Զինված ուժերը։
Նա վերցրել էր իր ձեռքն այդ կառավարումը և այն, ինչ կազմակերպվում և իրականացվում էր,
արվում էր իր անմիջական կառավարչական շնորհքի և հնարավորությունների միջոցով»,-նշեց
Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ղեկավարման խնդիրները՝
տեղեկատվության հավաքում, վերլուծում, խնդիրների որոշում, առաջադրում և դրանց կատարման
վերահսկողությունն են։ «Իհարկե, ԶՈՒ-ն իր լիազորությունների և հնարավարությունների
սահմանում դրանք իրականացրել է, բայց դրան միջամտելը, խանգարելը, ավելորդությունները
կամ ոչ ճիշտ ուղով տանելն այլ խնդիր էր։ Ցավոք, այդ ժամանակահատվածում հիմնականում
խնդիրներ ունեցել ենք հենց այն տեղերում, որտեղ չի գործել ճիշտ համակարգը․ իսկ այդ
տեղերը, բնականաբար, այդ ժամանակահատվածում շատ էին։ Մարդիկ չգիտեին՝ պատերազմն ինչ
բան է, չէին տեսել՝ ինչպես են պատրաստվում, և այդ ընթացքն ինչպես է կազմակերպվում։
Ինչ-որ բաներ պատկերացնելով, մեջտեղ գալով, միջամտելով՝ փորձում էին իրենց ներկայությունն
այդտեղ ցույց տալ՝ խանգարելով այդ գործընթացին»,-ասաց Խաչատրյանը։

Տիրան Խաչատրյանն ասում է, որ շատ դեպքերում խանգարում էր նաև հակասական
տեղեկատվությունը։

 «Այն ինֆորմացիան, որը պետք չէր, տարածվում
էր։ ԶՈԻ-ում հստակ սահմանված է, թե, ով, ինչ, երբ պիտի հայտարարի, բայց կային մարդիկ
որոնք, չգիտես ինչու, հայտնվել էին այդտեղ, և միջամտություններ էին անում»,-պարզաբանեց
նա։

Անդրադառնալով տեղեկություններին, թե Հայաստանը
զենք չուներ կռվելու համար, Խաչատրյանն ասաց․ «Եթե խոսքը ժամանակակից և արդիական զենքերի
մասին է, ապա դրանց բացակայությունը մենք ունեցել ենք, բայց այն լուրերը․ թե զենքերը
90-ականներից էին՝ սուտ է, զենքերը կային, և դրանց հին և նոր լինելը էական չէր։ Եթե
զենքերը մարտական են, ապա դրանցով հնարավոր էր կռվել»։

Չկռվելու, նահանջելու հրամանների մասին խոսելով՝ 
նշեց, որ ռազմական ղեկավարներից որևէ մեկը չկռվելու հրաման չի տվել։

«Չկռվելու հրաման որևէ զինվորականի  կողմից չի եղել, իսկ զենքերի
մասով, ասեմ, որ կան զենքեր, որոնք կիրառելու հրաման կարող էր տալ միայն գերագույն
գլխավոր հրամանատարը։ Անգամ ԶՈՒ-ում մի շարք զենքեր իրավունք չունեն գործածելու առանց
գլխավոր գերագույնի հրամանի»,-նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ուժերի և միջոցների հարաբերակցությունը
երբեք մեր օգտին չի եղել, իսկ պատերազմը երբեք միջոցների և հարաբերակցությունների մասօն
չի եղել, այլ տնտեսության, արտաքին աջակցությունների և այլնի։

«Մենք պարտվել ենք նաև տնտեսությամբ, դիվանագիտությամբ, դաշնակիցների
առումով, իսկ Ադրբեջանը ոչ միայն ուներ դաշնակիցներ, այլև իր զորքում ներգրավված էին
տարբեր երկրների բանակների զինվորներ»,-ասաց զինվորականը։