
Ընտրատեղամասի մոտակայքում դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնել է, որ իրենց դիտորդները արտակարգ դեպք են արձանագրել 8/24 ընտրատեղամասի հարակից տարածքում։ Ըստ առաքելության՝ տեղի է ունեցել դանակահարություն, իսկ դեպքի վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Միաժամանակ նշվում է, որ դեռևս չի հաջողվել պարզել՝ արդյոք միջադեպը որևէ կապ ունի ընտրական գործընթացի հետ։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 19:55-ին բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ։
Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանության ծառայողները նախնական տվյալներով պարզել են, որ մի խումբ անձանց միջև մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում մասնակիցներից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ կասկածյալ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Նա, ինչպես նաև միջադեպի մյուս մասնակիցները, հայտնաբերվել և ձերբակալվել են։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ դեպքից որոշ ժամանակ անց նոր ահազանգ է ստացվել, ըստ որի՝ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Իրավապահները շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է: Առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ միջադեպն առնչություն ունի՞ ընտրական գործընթացի հետ, թե՞ ոչ։


