19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր․  Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին

Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր․  Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին

«Այսօր Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են, իսկ դրանց անհաղորդ մնալը՝ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանք ազգային զարթոնքային օջախ և համատարած բոցկլտացող կրակ դառնալու մեծ ներուժ ունեն, իսկ այդ ներուժը բորբոքելու և ռեալիզանցելու հնարավորության կորուստը կարող է համապետական ու համազգային մակարդակով հանգեցնել անդառնալիության»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նշել է, որ Կիրանցում, Տավուշում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Տեղի բնակչությունն արդեն բարձրաձայնում ու աղաղակում է ոչ միայն սոսկ տեղական այս կամ այն տարածքը կորցնելու վտանգի ու անդառնալիության մասին, այլև հոգևոր առաջնորդության շնորհիվ ու հայրենասեր մի բուռ անհատ գործիչների ջանքերով, ինքնուրույնաբար ձևակերպում է նաև համընդհանուր ազգային օրակարգ։

«Ու, թեև բուռն իրադարձությունները տեղի են ունենում Տավուշում (աջակցություն ստանալով ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող առանձին օջախային անհնազանդության ակցիաներով), բոլորս հստակ գիտակցում ենք, որ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների «թատերաբեմը» Երևանն է, իսկ պահանջն ավելի խորքային ու համապարփակ․ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պիտի անհապաղ հեռանա»,-գրել է նա։

Անանյանը նշել է, թե ինչ պիտի սպասենք իշխանափոխությունից հետո։ Նա մի քանի օրինակ է բերել, թե ինչպես պիտի դուրս գանք ստեղծված իրավիճակից։

«Անելիքները շատ-շատ են ու բազմաթիվ, քանի որ այսօրվա իշխանություններն իրենց ապիկարությամբ ու անմեղսունակությամբ գրեթե բոլոր ոլորտները ձախողել են և խորքային խնդիրներ առաջացրել։ Ինչևէ, առնվազն սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առնչությամբ ընդհանուր ընկալումներն ու անելիքների ընդհանուր շրջանակը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։

Միջազգային հանրությունը (այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը) իր աջակցությունն է հայտնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անցկացմանը։ Այսինքն, չնայած մեզ համար այս գործընթացների անցկացման անբարենպաստ ժամանակներին և այն իրագործելու առումով առկա սահմանափակ հնարավորություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, այնուամենայնիվ, մեկնարկել է և այն չեղարկելը կամ դադարեցնելը այլևս հնարավոր չէ (գործընթացին դեմ արտահայտվող կամ այն չեղարկելու մտադրություն ու դիրքորոշում ցուցադրող ցանկացած քաղաքական ուժ կամ հանրային գործիչ արդեն դատապարտված է որակվելու որպես չընկալված)։ Սակայն հնարավոր է գործընթացի իրականացման տրամաբանության ու ընթացքի մեջ բեկում մտցնել առնվազն երկու ուղղությամբ․

1) բանակցել գործընթացն Ադրբեջանի հետ սահմանային շփման ողջ երկայնքով միաժամանակ իրականացնելու շուրջ՝ այդ թվում միջազգային գործընկերների սատարմամբ, և

2) առաջ քաշել փոխանակվող (մեր պարագայում՝ հանձնվող) տարածքների` մարդու հիմնարար իրավունքների պահպանման տեսանկյունից, այսպես կոչված՝ «կենսունակության» և «կենսականության» սկզբունքների պարտադիր պահպանման կոնցեպտը (հղում կատարելով գոյություն ունեցող միջազգային պրակտիկային)։

Առաջին ուղղության վերաբերյալ պատրանքներ փայփայելը իրատեսականության առումով բավականին բարդ է, բայց՝ անիրագործելի չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, ապա իրագործելիության տեսանկյունից այն բավական դյուրին կարելի է գնահահատել։ Մասնավորապես, սովետական ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների որոշման գործընթացը միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից լեգիտիմության խիստ պակաս ունի, քանի որ սովետական ժամանակաշրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել (այդ սահմանները սովետական ժամանակաշրջաում ներքին կարգադրական փաստաթղթերով ժամանակ առ ժամանակ փոփոխվել են և միջազգայնորեն ճանաչված չեն եղել)։ Ուստի, սովետական ժամանակաշրջանի քարտեզները կարող են սոսկ ունենալ կողմնորոշիչ նշանակություն, այլ ոչ թե՝ որոշիչ։ Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանները որոշելիս միջազգային հանրության «աչքը պիտի մտցնել» մի շատ կարևոր հանգամանք․ որքանո՞վ է կենսական Ադրբեջանի համար այս կամ այն տարածքը (օրինակ՝ նրա սահմանային անվտագության տեսանկյունից, կամ շփման գծին մոտ բնակվող իր բնակչության առկայության կամ վերջինիս կենսունակությունն ապահովելու տեսանկյունից) և որքանո՞վ է այդ տարածքի կորուստը Հայաստանի և նրա բնակչության համար գնահատվում կենսական՝ Հայաստանի և նրա՝ առնվազն սահմանային բնակչության կենսունակությունն ապահովելու տեսանկյունից։

Օրինակ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, արդյո՞ք այդ հատվածը կենսական նշանակություն ուներ Ադրբեջանի համար և արդյո՞ք դրա հանձնումը Ադրբեջանին Հայաստանի բնակիչների կենսունակությունը չխաթարեց։

Սրանք սկզբունքային մոտեցումներ են, որոնք այսօր էլ կարող են դրվել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի շուրջ տարվող բանակցությունների սեղանին և հետևողականորեն առաջ տարվեն։ Բայց ահա այստեղ է, որ մենք փաստում ենք, որ այս գործընթացն իրագործելի է միայն այն պարագայում, երբ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնողները չունեն կաշկանդվածություն ու էլեմենտար վախ հակառակորդի հանդեպ։

Եվ, ահա այստեղ է, որ մենք դիմում ենք Նիկոլ Փաշինյանին հետևյալ ուղերձով. վերջին մի քանի տարիների ընթացքում քո հեռանալու պատմական պահերը դու բաց ես թողել, որովհետև ոչ թե մտածել ես պետության ու ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունն ու գոյությունը պահպանելու և իշխանությունը որպես սեփական անվտանգության երաշխիք ծայայեցնելու դիրքավորումից։ Այսօր, իշխանափոխության օբյեկտիվությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը քարոզող ցանկացած քաղաքական միավոր, քաքացիական ու հանրային գործիչ կարող է վստահեցնել քեզ, որ քո և քո ընտանիքի անվտանգությունը շատ կարևոր հարց է, իսկ այդ անվտանգության պահպանությունը հանրային շատ կարևոր նշանակություն ունի, առնվազն կամ գոնե այն տեսանկյունից, որ դու երկար ու անվտանգ ապրելու և ապաշխարհելու հնարավորություն ունենաս։

Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր»: